Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/202

Այս էջը հաստատված է

աթոռն էլ խո մերն է․ մի կարգումն առա, որ միասին նստենք։ Եկ նստիր։

— Չէ, միևնույն է, նստիր, շատ նստելով հոգնել եմ։ Ես տեղս կգտնեմ, երկրորդ կարգումն է կարծեմ։

— Հը՞, ինչո՞ւ այսքան ուշացար։

— Մորաքրոջս տանն էի։ Այստեղ մի մորքուր անեմ, մի շատ բարի ծեր կին է․ ապրում է փեսայի և աղջկա տանը։ Ես բոլորովին չգիտեի, թե նա այստեղ է ապրում, բայց այսօր անսպասելի կերպով պատահեցի նրա փեսային և այդ բանը նրանից միայն իմացա։ Փեսան տարավ իրենց տուն, խեղճ կինը շատ ուրախացավ։ Խեղճը կարծելիս է եղել, թե ես արդեն վաղուց մեռել եմ։ Մինչև հիմա էլ չէր թողնում։

— Այդպես, հը՞,— ասաց Զաքարը։— Իհարկե, քեզ պես թափառական քրոջ որդի որ ունի, ինչո՞ւ պետք է քեզնից ճիշտ տեղեկություններ չունենար։ Բայց ես բոլորովին չէի կարծում, թե դու այս գիշեր կգաս կոնցերտ։

— Ինչո՞ւ։

— Ես ի՞նչ գիտեմ։ Որովհետև ուշացար։ Հա՛,— հանկարծ կանչեց Զաքարը,— Զագորսկին այստեղ է։ Տեսնո՞ւմ ես օթյակում, երկու կանանց հետ։

Էմման աչքի տակով նայեց Զազունյանին, տեսնելու համար, թե Զագորսկու ներկայությունը նո՞ւյն ազդեցությունը կունենա նրա վրա, ինչ որ այդ օրը, երբ պատահեցին նրան փողոցում, բայց Զազունյանը, ըստ երևույթին, գիտեր, որ Զագորսկին այնտեղ էր, և գիտեր, թե որտեղ է նստած, որովհետև նրա դեմքը մնաց նույնը, ինչ որ առաջ և նա բոլորովին չնայեց այն օթյակին, որ ցույց տվեց Զաքարը։

— Հա,— ասաց նա անաարբեցությամբ,— գիտեմ...

— Տեսնո՞ւմ ես, անպիտանը փոխ-գնդապետության աստիճան է ստացել, և պաշտոնով տեղափոխել են այստեղ,— շարունակեց Զաքարը։— Այսօր պատահել է քեզ պրոսպեկտի վրա, բայց դու չես տեսել նրան։

— Ճշմարիտ է։ Ես տիկնոջ հետ էի։ Նա ինձ բարևել է, բայց ես չեմ նկատել։ Տիկինն ասաց ինձ այդ։

— Չնայելով, որ Թեոդոսիայում ձեր մեջ ինչ-որ անախորժություն է պատահել, չասաց, թե ինչ անախորժություն․