Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/203

Այս էջը հաստատված է

մի ժամանակ, երևի, կիմանաս, ասում է, և դու, ինչպես երևում է, վիրավորված ես նրանից, բայց և այնպես պետք է ասած, որ նա շատ լավ մարդ է. գոնե ես սիրում եմ նրա բաց բնավորությունը և խիզախությունը։ Էմմա, ուզո՞ւմ ես քեզ ծանոթացնեմ նրա հետ,— դարձավ նա կնոջը։

Էմման մի սուր և սառը հայացք նետեց նրա վրա և ուզում էր ասել,— մի մարդ, որ անբարոյական կանանց հետ է ման գալիս, ես չեմ ուզում նրա հետ ծանոթանալ, բայց մեկ էլ մտածեց և ասաց.

— Չեմ հասկանում, այդ ի՛նչ սովորություն է, որ առաջին պատահած մարդու հետ իսկույն ուզում ես ծանոթացնել ինձ։

Բայց հանկարծ մտածելով, որ Զազունյանը կարող է այդ և իր հաշվին առնել, իսկույն քնքշությամբ և բարեկամաբար նայեց նրան, և նրա հայացքը կարծես ասում էր,— ոչ, ոչ, պ. Զազունյան, դուք բոլորովին բացառություն եք կազմում։ Բայց Զազունյանը չտեսավ այդ հայացքը. նա մռայլ մտախոհությամբ նայում էր դիրիժորին, որ հենց նոր մտել և նստել էր իր տեղը։

— Զարմանալի է,— պատասխանեց Զաքարը կնոջը,— ես խո չեմ ստիպում, որ ծանոթանաս, այլ ասում եմ, թե ուզում ես՝ կծանոթացնեմ, թե չէ՝ քո կամքն է, պրծավ գնաց։ Հա՛, Արսեն,— դարձավ նա Զազունյանին,— ես այն էի ուզում հարցնել, թե այդ ի՞նչ անախորժություն է պատահել ձեր մեջ։

Լսվեց երրորդ զանգի ձայնը. վարագույրը պետք է բարձրանար։ Դահլիճում լռություն տիրեց։

— Ուրիշ անգամ, ուրիշ անգամ,— մեքենայաբար պատասխանեց Զազունյանը և գնաց իր տեղը նստելու երկրորդ կարգում։

Վարագույրը բարձրացավ։ Կոնցերտի երկրորդ բաժինն սկսվեց։

Զաքարը՝ վարագույրը բարձրանալուն պես՝ Զազունյանին էլ մոռացավ, Զագորսկուն էլ, կնոջն էլ և սկսեց ուշադրությամբ հետևել կոնցերտի ընթացքին։ Այնինչ էմմայի