Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/204

Այս էջը հաստատված է

բոլոր ուշքն ու միտքը Զազունյանի կողմն էր։ Այժմ նրան ավելի էր սկսել տանջել այն միտքը, թե ինչ անախորժություն էր պատահել նրա և Զագորսկու միջև։

Կոնցերտի այդ բաժինն էլ էմմայի համար այնպես վերջացավ, ինչպես առաջինը. նա ոչինչ չիմացավ, թե ովքեր և ինչ երգեցին։ Նա այն ժամանակ միայն ուշքի եկավ, երբ սկսեցին ծափահարել։

Զաքարը վեր կացավ և գնաց Զազունյանի մոտ, որը դուրս էր գալիս աթոռների շարքից։

— Արսեն,— ասաց նա,— եկ գնանք՝ հաշտեցնեմ քեզ Զագորսկու հետ. խռով մնալը լավ չէ։

Զազունյանը հոնքերը կիտեց։

— Զաքար,— ասաց նա խուլ ձայնով,— ես քեզ հատուկ պետք է խնդրեմ, որ ինձ մոտ այլևս չտաս նրա անունը։

— Ինչպես կամենում ես, ինչպես կամենում ես,— շտապեց վրա բերել Զաքարը։— Բայց ճշմարիտն ասած, ինձ շատ է հետաքրքրում..․

— Խնդրում եմ, թողնենք այդ առայժմ և ինձնից ոչինչ մի հարցնիր,— կտրեց նրա խոսքը Զազունյանը և գնաց դեպի էմման։

— Դուրս չե՞ք գալիս,— հարցրեց Զաքարը։

— Դուրս չե՞ք գնում, տիկին,— իր կողմից հարցրեց Զազունյանը էմմային։

Էմման նայեց նրան և տեսավ, որ նա մտադիր չէ դուրս գալու։

— Ո՛չ,— ասաց նա։

— Իսկ դո՞ւ, Արսեն։

— Ո՛չ,— պատասխանեց Զազունյանը։

«Չի ուզում Զագորսկուն հանդիպել»,— մտածեց Զաքարը։

— Իսկ ես գնում եմ,— ասաց նա և դուրս գնաց։

Էմման հավաքեց շրջազգեստի ծայրերը, որոնք ընկել էին Զաքարի աթոռի վրա և փոքր֊ինչ այն կողմը քաշվեց, որպեսզի Զազունյանը նստի։

Զազունյանը նստեց կողքի աթոռի ծայրին, որքան կարելի էր էմմայից հեռու։