Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/205

Այս էջը հաստատված է

— Ի՞նչպես հավանեցիք այս բաժինը, տիկին,— հարցրեց նա:

— Չգիտեմ, ճշմարիտ,— պատասխանեց նա.— այս գիշեր ես բոլորովին տրամադիր չեմ լսելու և համարյա ուշադրություն չէի դարձնում, թե ինչպես են երգում։

Եվ իրավ, ուրիշ անգամներ Զազունյանի ներկայության ժամանակ նա ուրախ էր լինում, բայց այժմ մի անորոշ տխրություն պաշարել էր նրան։

— Դուք թատրոն մի՞շտ հաճախում եք,— հարցրեց դարձյալ Զազունյանը, որպեսզի խոսակցությունն առաջ տանի։

— Թատրոն հաճախում ենք այն ժամանակ, երբ նոր, անծանոթ օպերա են ներկայացնում,— պատասխանեց Էմման, իսկ հայոց ներկայացումներին հաճախում ենք միշտ։

Խոսքն ընկնելով հայոց թատրոնի մասին և որովհետև Զազունյանն, իբրև նորեկ, համարյա բոլորովին անծանոթ էր հայ թատերական կյանքին, այդ պատճառով Էմման սկսեց պատմել հայկական ռեպերտուարի, բեմական ուժերի, նրանց ունեցած հաջողության և ուրիշ բաների մասին։

Կոնցերտը վերջանալուց հետո Զազունյանը հենց թատրոնի դռների մոտ բաժանվեց իր բարեկամներից։

— Ինչպես երևում է, Զագորսկին շատ ծանր վիրավորանք է հասցրել Զազունյանին,— ասաց Զաքարը կնոջը, երբ կառք նստեցին և գնում էին տուն։

Կինը ոչինչ չպատասխանեց նրան. նա միայն ուղղեց գլխի շալը և կուչ եկավ կառքի անկյունը։

15

Հետևյալ շաբաթ Զազունյանը գնաց Շ... իր գործի քննությանը ներկա լինելու համար։ Երկաթուղու կայարանում նրան ճանապարհ դրին Զաքարն ու Էմման և նրա մորաքրոջ փեսան ու աղջիկը։ Բաժանվելիս Զաքարն ասաց.

— Մեզ չմոռանաս, Արսեն ջան, նամակ գրես։

— Չէ, այդ տանջանքից ինձ ազատ պահիր. ես շատ ծույլ եմ նամակներ գրելում,— պատասխանեց Զազունյանը։