Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/209

Այս էջը հաստատված է

ուրիշ կերպ հասկացած և կյանքի համար ուրիշ կերպ պատրաստված, անդադար ընկնում են զանազան արկածների և զանազան հոգսերի ետևից։ Նա ամուսնացավ այնպես, ինչպես ամուսնանում են նրա նման հազարավոր աղջիկներ— առանց սիրահարվելու և առանց իրեն հաշիվ տալու, թե ինչ բանի համար։ Ամուսնացավ, որովհետև պետք է, վերջապես, ամուսնանար։ Զաքար Մարկոսյանը, որ նրա խորթ մոր ինչ֊որ հեռու ազգականն էր, ուսումը նոր էր ավարտել և եկել։ Ծանոթանալով իրենց տանը, էմման շատ էր հավանել նրա ուրախ բնավորությունը միայն, ուրիշ ոչինչ, և երբ մի քանի ժամանակից հետո, նրանից ամուսնանալու առաջարկություն ստացավ, առանց երկար ու բարակ մտածելու՝ ընդունեց։ Նա ամուսնացավ և ապրում էր խաղաղ ու երջանիկ։ Ամուսնացած ժամանակն էլ, ընտանեկան շրջանից դուրս, նա ուրիշ ոչ մի կյանքի հետ մոտ հարաբերություն չուներ և չէր էլ ուզում ունենալ։ Օրերն ու տարիներն անցնում էին իրենց կարգով, դրանց հետ անցնում էր և նրա հանդարտ կյանքը, ինչպես մի խաղաղ գետ, առանց ալեկոծվելու։ Հորիզոնը միշտ պարզ էր, արևը միշտ պայծառ էր փայլում։ Ուրիշ ի՞նչ էր հարկավոր։ Նրա խաղաղ կյանքը այն ժամանակ դուրս եկավ իր սովորական ընթացքից, երբ աշխարհ եկավ Արամիկը և իր հետ բերեց մոր համար սովորական հոգսերը։ Բայց ի՜նչ էին այդ հոգսերն այն ահագին երջանկության հանդեպ, որով մանուկն իր ծնվելու օրից պսակեց էմմայի ընտանեկան խաղաղ կյանքը և մի նոր, հրապուրիչ հոսանք տվեց այդ կյանքին։ Էմման իր բոլոր սերն ու խանդը նվիրեց իր այդ միակ զավակին։ Շատ անգամ, երբ սեղմում էր նրան իր կրծքին, մայրական անհուն երջանկությունից կարծում էր, թե ահա, որտեղ որ է, պիտի մարի։ Նա սիրում էր և ամուսնուն, սիրում էր նրա համար, որ իր ամուսինն էր, որի ձեռքն ընդունել էր ինքն իր հոժար կամքով։ Եվ, փառք աստծո, ուրիշ ի՞նչ էր հարկավոր։ Շատ անգամ իրեն այն աստիճան երջանիկ էր զգում, որ մինչև անգամ սկսում էր վախենալ, թե միգուցե այդ իրեն էժան չնստի, կարծես այդ երջանկությունը ոչ թե ինքը՝ բախտն էր շնորհել նրան, այլ նա մի