Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/216

Այս էջը հաստատված է

իր աթոռի վրա։ Երբ համբուրելուց կշտացավ, նստեցրեց նրան իր ծնկների վրա և սկսեց նայել նրան այն սիրով ու հրճվանքով, ինչպես միայն կանայք են նայում։ Իրավ, ի՜նչ մեծացել է, ի՜նչ գեղեցկացել,— ասում էր նա, սեղմելով նրան կրծքին։

— Աչքով չտաս,— նկատեց նրան էմման, որի սրտի մեջ զարթնել էր մայրական հպարտությունը, տեսնելով ընկերուհու իր զավակին ցույց տված սերն ու խանդը։

— Հա՛, հա՜, աչքով չտաք,— իր կողմից վրա բերեց Զաքարը և իր սովորության համեմատ բարձրաձայն ծիծաղեց:

— Մի վախենաք, աչքս թեթև է,— պատասխանեց Աննան և շարունակեց սիրով և հրճվանքով նայել Արամիկին։

Արամիկը նստեց Աննայի ծնկան վրա, զարմացած և հետաքրքրությամբ նայում էր նրան. շրթունքները սեղմել էր իրար և այտերը փքել․ դրանից նրա մանկական գեղեցիկ դեմքը ստացել էր մի տեսակ լուրջ, բայց շատ գրավիչ և սիրելի արտահայտություն, որպիսին ունենում են միայն երեխաները։

— Ի՞նչ ես ինձ այդպես նայում, ինձ չե՞ս ճանաչում հարցրեց,— Աննան։

— Ոչ,— գլուխը բացասական կերպով շարժելով, հապաղելով պատասխանեց Արամիկը և շարունակեց նայել նրան։

— Ես քո մամայի քույրիկն եմ։

— Իմ մամայի քույրի՞կը,— կարծես խոր մտածելով, ասաց Արամիկը և նայեց մորը, հետո դարձյալ Աննային, դարձյալ մորը․ կարծես ուզում էր որևէ նմանություն գտնել նրանց միջև։

— Այո, իմ քույրիկն է, Արամիկ, իմ քույրիկն է,— ժպտալով հաստատեց մայրը։

Արամիկը դարձյալ նայեց Աննային։

— Հապա ինչո՞ւ առաջ դուք չէիք գալիս մեր տուն,— հարցրեց նա։

— Որովհետև մայրիկդ ինձ միշտ ծեծում էր,— պատասխանեց Աննան կատակով։