Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/220

Այս էջը հաստատված է

նրա անկողնի վրա։ Նա առավ ընկերուհու ձեռքը և աչքերը հառեց նրա աչքերին:

— էմմա, դու շատ ուրիշ տեսակ ես երևում,— ասաց նա առաջվանից ավելի ծանր։— Դու խորհրդավոր ես... ես քեզ չեմ հասկանում... բացատրիր... Ի՞նչ է պատահում քեզ։

Էմման հանկարծ իր կողմից նայեց նրան դեռ լուրջ, հետո ժպտաց։

— Ի՞նչ պետք է պատահի,— ասաց նա պարզ,— ես այստեղ անկողնում հիվանդ պառկած եմ, իսկ դու ինձ նախանձում ես։

Աննան դրանով չխաբվեց։ Նա թերահավատությամբ և լրջորեն նայեց նրա աչքերին և ուզում էր ինչ-որ ասել, բայց Զաքարը մտավ, և նա այլևս ոչինչ չասաց։ Այնուհետև նա շարունակ դիտում էր Էմմային, բայց էմման տեսնելով, որ անզգուշությամբ ինքն իրեն մատնել էր, աշխատում էր իրեն ուրախ ցույց տալ։ Սակայն առանց այն էլ ընկերուհու անսպասելի գալուստը նրան մեծ ուրախություն էր պատճառել, մանավանդ իր ներկա ծանր դրության մեջ։ Նա իրեն մինչև անգամ առողջացած էր զգում։ Աննան տեսնելով, որ իր կասկածանքն, ըստ երևույթին, հիմք չունի, դադարեց նրան դիտելուց։ Սկսվեց մի քաղցր և անվերջ զրույց։ Զաքարը, տեսնելով, որ կնոջ դրությունը շատ լավ է, ուրախությունից ոտի վրա չէր կանգնում։ Բայց նա աշխատում էր իրեն զսպած պահել, որպեսզի մի այնպիսի հիմար բան չանի, որով գրգռի կնոջ տհաճությունը, ինչպես վերջին օրերում մի քանի անգամ պատահել էր։

Բավական ուշ էր, որ Աննան պատրաստվեց տուն գնալու: Էմման խնդրեց նրան, որ հետևյալ օրն առավոտյան այցելի իրեն։

— Լույսը չծագած, ես այստեղ եմ,— ասաց Աննան։

Մինչև փողոցի դուռը Զաքարն իջավ նրա հետ։ Այնտեղ նա ամուր սեղմեց Աննայի ձեռքը։

— Անչափ շնորհակալ եմ ձեզնից, տ. Աննա,— ասաց նա զգացված։— Ձեզ աստված է ուղարկել, որ էմմային առողջացնեք, իսկ ինձ ազատեք հուսահատությունից։