Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/226

Այս էջը հաստատված է

— Աղախինը գա հագցնի ինձ։

— Ախ, չէ, սիրելիս, մնա դեռ անկողնում․ ես կատակով ասացի․ դու դեռ թույլ ես։

— Չէ, Աննա, հավատա, չէ․ ես ինձ հիմա բավական լավ եմ զգում․ միշտ պառկած լինելն էլ ավելի է թուլացնում մարդու. տուր զանգը։

— Ի՞նչ հարկավոր է․ երբ որ այդպես է, ես ինքս կհագցնեմ քեզ,— ասաց Աննան և սկսեց հագցնել նրան։

Մի ժամից հետո Էմման արդեն հագնված, լվացված և սանրված՝ նստած էր մի ուրիշ տաք սենյակում բազկաթոռի վրա։ Նրա դիմաց նստած էր Աննան, իսկ Աննայի մոտ — Արամիկը։ Փոքրիկ սեղանի վրա դրած էր սուրճը ոսկեզօծ բաժակների մեջ։ Երկու վաղեմի և սիրելի ընկերուհիների միջև բացված էր այն քաղցր զրույցներից մեկը, որ երբեք չի վերջանում։ Էմման իրեն մի տեսակ թեթև և հանգիստ էր զգում։ Ինչ֊որ տխուր, բայց անդորր զգացմունք լցրել էր նրա սիրտը։

Զաքարն այդ օրը սովորականից ավելի վաղ տուն եկավ։ Ավելորդ է ասել և նկարագրել, թե ինչքան և ինչպես ուրախացավ նա, երբ կնոջն անկողնից արդեն վեր կացած տեսավ։ Այդ օրը կնոջից ծածուկ նա մի քանի անգամ համբուրեց Աննայի ձեռքը, իբրև անհուն երախտագիտության և շնորհակալության արտահայտություն։

19

էմման, հետզհետե ուժի գալով, բոլորովին կազդուրվեց։ Զազունյանի վրա սիրահարվելով (թեև նա այդ բանին ոչ մի կերպ չէր ուզում հավատալ), նա իրեն կատարելապես մենակ էր զգում․ ամուսինն առավել քան ուրիշը, բնականաբար, նրան անտանելի էր թվում․ Արամիկն ընկել էր երկրորդ կարգը, հասարակական զբոսատեղերը հենց սկզբից էլ նրան այնքան չէին գրավում․ ուրիշ ո՞վ կար և ի՞նչ կար։ Հարկավոր էր նրան մեկը, որ փոքր-ինչ թեթևացներ նրա մենակությունը, և այդ մեկը— Աննան էր, որ իր կանացի բնական ընդունակությամբ ու սիրով, իր գալու հենց առաջին օրից ունեցավ նրա վրա իր բարերար ազդեցությունը։ Եվ, իրավ, Աննայի ներկայության ժամանակ Զազունյանն այլևս