Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/227

Այս էջը հաստատված է

այնպես չէր զբաղեցնում Էմմայի միտքն ու սիրտը, ինչպես առաջ․ այդ «օտար մարդու» պատկերը հետզհետե աղոտանում էր նրա հիշողության մեջ։ Աննան գիտեր նրան զբաղեցնել, նա գալիս էր առավոտյան վաղ, գնում էր գիշերն ուշ։ Զաքարն ամենայն անկեղծությամբ սիրեց նրան. նա իրեն երախտապարտ էր համարում դեպի այդ կինը և չգիտեր, թե ինչով և երբ կարող է հատուցանել նրան իրեն արած «երկնային ծառայության» համար, ինչպես ասում էր նա։

Օրերն անցնում էին։ Էմման շարունակում էր ավելի ու ավելի քիչ մտածել Զազունյանի մասին, իսկ երբեմն կատարելապես մոռանում էր նրան։ Դեպի Զազունյանը տածած զգացմունքը սառչում էր նրա սրտի մեջ և այլևս այնպես չէր անհանգստացնում նրան։ «Փառք աստծո», մտածում էր նա ազատ և ուրախ շնչելով, «հազիվհազ ազատվեցի»։ Եվ նա սիրով ու երախտագիտությամբ նայում էր Աննային— իր «ազատչին»։— Սիրելիս, ի՞նչ պետք է անեի ես առանց քեզ,— ասում էր նրա այդ հայացքը։

— Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, Էմմա,— հարցնում էր Աննան այդպիսի դեպքերում։

— Որովհետև դու հրեշտակ ես։

— Որ աստված է ուղարկել, ինչպես ասում է ամուսինդ։

— Այո։

— Բայց տարաբախտաբար, ինձ պոզեր են պակաս,— ասում էր Աննան ծիծաղելով։

— Այո, եթե պոզերը միայն սատանաներին չեն պատկանում,— նկատում էր Էմման։— Իրավ, Աննա,— ասում էր նա կարճ լռությունից հետո,— ինչո՞ւ դու այդքան լավն ես։

— Ճոթ կամ միրգ խո չեմ, որ լավ լինեմ,— կանչում էր Աննան ծիծաղելով։

— Չէ, Աննա, ասա, ինչո՞ւ դու այդքան լավն ես։

— Ես չգիտեմ «լավն» եմ թե վատը, միայն գիտեմ, որ քեզ շատ եմ սիրում։

— Ուրեմն պատճառն ա՞յդ է։

— Չգիտեմ։

— Այ, ես էլ քեզ եմ շատ սիրում, հապա ինչո՞ւ ես քեզ պես լավը չեմ։