Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/229

Այս էջը հաստատված է

Սակայն, չնայելով, որ նրա սիրտը սառել էր դեպի Զազունյանը և նա այլևս առաջվա նման շատ չէր մտածում այդ մարդու մասին, այնուամենայնիվ, ի ներքուստ անհամբեր սպասում էր նրա վերադարձին։ Ամեն անգամ, երբ ամուսինը տուն էր գալիս, նա ակամա մի տեսակ հարցական և անհամբեր-հետաքրքիր հայացքով նայում էր նրան, թե արդյոք լուր կամ հեռագիր չունի Զազունյանից, ե՞րբ է գալու նա։ Զազունյանի հեռանալուց հետո ոչ մի անգամ նրա անունը չէր հիշել ամուսնու մոտ։ Զաքարն էլ նրա հիվանդության պատճառով համարյա բոլորովին մոռացել էր իր վաղեմի բարեկամին. բայց երբ հիվանդությունն անցավ, և նրանց կյանքն սկսեց ընթանալ սովորական կերպով, նա նորից հիշեց Զազունյանին և սկսեց խոսել նրա մասին։ Սովորաբար, երբ խոսք էր բացվում Զազունյանի մասին, պատմում էր զանազան արկածներ նրա կյանքից, որոնց մեջ նա այս թե այն կերպ միշտ հերոս էր ներկայացնում։ Զաքարը պատմում էր հիացմունքով, մեկը տասն էր շինում, ոչ մի գովասանք չէր թողնում, որ չշռայլեր իր բարեկամի հասցեին, բոլորովին չկասկածելով թե դրանով ինչ էր շարժում կնոջ սրտում... էմմայի` Զազունյանի վրա սիրահարվելու մասին ունեցած կասկածը նա բոլորովին վանել էր մտքից։

— Ո՞վ է այդ Զազունյանը, պ. Զաքար,— մի անգամ հարցրեց նրան Աննան, որ ներկա էր նրա այդպիսի պատմություններից մեկին։

— Զազունյանը... Զազունյանն իմ ամենալավ և ամենասիրելի ընկերն է,— պատասխանեց նրան Զաքարը։— Մի զարմանալի ազնիվ և առաքինի մարդ։

— Չե՞ք չափազանցում,— ժպտալով նկատեց նրան Աննան։— Այդ ածականները մի տեսակ խորթ են թվում ինձ։

— Չեք հավատում ինձ, հարցրեք Էմմային,— ասաց Զաքարը։— Էմմա,— դարձավ նա կնոջը,— ինքդ ասա, ի՞նչպիսի մարդ է Զազունյանը։

— Այո, Զազունյանը լավ մարդ է,— պարզ կերպով պատասխանեց Էմման։

—«Լավ»,— նկատեց նրան Աննան և ծիծաղեց։