Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/231

Այս էջը հաստատված է

մարդ է,— ասաց նա։ Դա էլ իմ վաղեմի ընկերն է, ինչպես Զազունյանը։ Փոխգնդապետ է։

— Նոր մարդիկ են։ Զագորսկի... անպատճառ լեհ է։

— Այո, լեհացու արյուն էլ է խառը։

— Էմման ծանո՞թ է նրա հետ։

— Ուզում էի ծանոթացնել, չուզեց։

— Ինչո՞ւ։

— Չգիտեմ, ամեն մեկի հետ, ասում է, չեմ ուզում ծանոթանալ։

— Ա, երևի ձեր այդ «շատ ճարպիկ» և «ազատամիտ» մարդը հեռու է «զարմանալի ազնվությունից» և «առաքինությունից»,— նկատեց Աննան ծիծաղելով։

— Ինչո՞ւ դուք այդպես եք կարծում,— հարցրեց Զաքարը։

— Որովհետև տեսնո՞ւմ եք, էմման այն առաջինի հետ... ի՞նչպես է նրա ազգը։

— Զագոր... Զազունյան։

— ... Զազունյանի հետ ուզեցել է ծանոթանալ, ծանոթացել է և գովում է նրան, իսկ այդ Զաբոր.․. Զագորսկու հետ չի կամեցել ծանոթանալ, չի ծանոթացել և, ինչպես երևում է, չի հավանում նրան։ Այնպես չէ՞, էմմա։

— Դու էլ զարմանալի ես, Աննա,— առանց նրան նայելու, թեթև անբավականությամբ նկատեց նրան էմման։— Ես նրա հետ ի՞նչ գործ ունեմ, որ հավանեմ կամ չհավանեմ նրան։— Ուրիշ բան չկա՞ խոսելու, որ նրանց մասին եք խոսում։

Աննան ձեռքերը դրեց նրա ծնկների վրա, առաջ թեքվեց դեպի նրա դեմքը, խորամանկությամբ նայեց նրա աչքերի մեջ և հանկարծ ծիծաղեց։

— Ինչո՞ւ «ազնիվ» և «լավ» մարդու մասին խոսելիս էլ չասացիր, որ ուրիշ բաների մասին խոսենք,— նկատեց նա։

Էմման սաստիկ կարմրեց։

— Ի՛նչ չար ես, Աննա,— ոտները հատակին խփելով, բացականչեց նա բարկացած և վեր կացավ տեղից։— Այնպիսի բաներ ես ասում, որ ակամա շփոթեցնում ես մարդու։

Եվ նա դժգոհ հեռացավ դեպի լուսամուտը։