Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/236

Այս էջը հաստատված է

«Ախ, գոնե Աննան գա շուտով», ասում էր ինքնիրեն, երբ տեսնում էր, որ հուզմունքն ու շփոթությունը ոչ թե անցնում, այլ, ընդհակառակն՝ հետզհետե սաստկանում է․ «Մենակ... վախենում եմ․․․»։

Զաքարն ու Զազունյանն ուշանում էին, գնացքը վաղուց արդեն ժամանած պետք է լիներ։ Անհամբերությունը նորից պաշարեց նրան։ Նա նստեց լուսամուտի առջև և սկսեց դուրս նայել։ Օրը կիրակի լինելով, փողոցը սովորականից ավելի կենդանություն էր ստացել։ Մարդիկ անցուդարձ էին անում։ Ծառաներն ու աղախինները՝ կողովները ձեռքներին՝ կամ գնում էին շուկա, կամ վերադառնում էին շուկայից։ Եղանակը տաք էր։ Գարնանային առողջարար օդն ախորժելի թարմությամբ շոյում էր մարդու դեմքը։ Փողոցում տնկած հակակի ծառերն արդեն բավական ծաղկել էին։ Նրանց նորածիլ կանաչ տերևները լուսավորված առավոտյան արևի ոսկեշող ճառագայթներով՝ պսպղում և կարծես կայծեր էին արձակում։ Ամբողջ քաղաքը ժպտում էր։ Հեռվից լսվում էր եկեղեցիների մեծ և փոքր զանգակների ուրախ ղողանջյունը։ Հրաշալի էր եղանակը։ Էմման հանկարծ նորից անհուն բերկրություն զգաց․ ինչ-որ քաղցր ու թեթև մի զգացմունք ախորժելի կերպով ճմլեց նրա սիրտը։ Նա ժպտաց, ձեռքերը ջղաձգորեն տարածեց օդի մեջ, որպես թե մեկին գրկելով, բռնեց իր ուսերից և արմունկներն ամուր սեղմեց կրծքին։ Նույն րոպեին նրա սիրտն այն աստիճան թրթռաց, որ մինչև անգամ ցավ տվեց։

«Ա՛խ, ա՜խ,— շշնջաց նա․ խոնարհվեց ծնկների վրա և ցնցողաբար կուչ եկավ։

Կարճ ժամանակ մնաց այդ դրության մեջ։ Փողոցից կառքի դղրդոց լսվեց։ Նա վեր թռավ տեղից և լուսամուտից ցած նայեց։ Կառքով եկողները Զաքարն ու Զազունյանն էին։ Զազունյանին տեսնելուն պես՝ մի դող անցավ նրա ամբողջ մարմնով։ Շտապով մոտեցավ հայելուն, մազերը, հագուստն ուղղեց ե մեքենայաբար, կարծես սաստիկ հոգնած, նստեց։

Մի քանի րոպեից հետո Զաքարը մտավ շտապով։

— Էմմա, ի՞նչ ես շինում,— ասաց նա,— եկ, Զազունյանը եկավ։

Էմման վեր կացավ և դուրս գնաց նրա ետևից։