Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/239

Այս էջը հաստատված է

— Ոչինչ, պ. Զազունյան,— աննկատելի հենգությամբ պատասխանեց նրա տեղ Աննան։— Թանկագին հյուրի համար մի օր եկեղեցուց ետ ընկնելը, կարծում եմ, այնքան էլ մեծ զոհաբերություն չպետք է լինի։

Աննան իր ծանոթանալու հենց առաջին օրից զգում էր, որ Զազունյանի հետ ուրիշ կերպ չէր կարողանում խոսել, եթե ոչ հեգնորեն. ինչո՞ւ— ինքն էլ չէր հասկանում. բայց միևնույն ժամանակ նա մի տեսակ հաճույք էր զգում նրա հետ խոսելիս և ուզում էր խոսել։

— Եկեղեցի մենա՞կ ես գնում,— հարցրեց նա Էմմային։

— Ոչ, Արամիկին էլ հետս եմ տանում։

— Հապա պ. Զաքա՞րը,— հարցրեց Աննան, նայելով Զաքարին։

— Այդ բանում ես ծույլ եմ և ժամանակ էլ չունեմ գնալու,— շտապելով ասաց Զաքարը և ծիծաղեց։

— Չլինի՞ թե դուք մեր նոր մոդի երիտասարդներին եք ուզում հետևել։

— Օ՜յ, Շտրաուսի կապիկների՞ն,— կանչեց Զաքարը։

— Ինչո՞ւ դուք այդպես ստորացնամ եք մեր երիտասարդությանը,— նկատեց նրան Աննան։— Ի նկատի ունեցեք, որ ես մեր երիտասարդության զարգացած մասն ունեմ աչքի առջև, իսկ զարգացած մասն ամեն բանի, առավելապես կրոնական խնդիրների վերաբերությամբ համոզմունքով է գործում։

Եվ Աննան նայեց Զազունյանին, կարծելով, թե նա կպատասխանի իրեն (նա այդ խոսակցությունը բաց արեց իսկապես նրա համար, որ Զազունյանին խոսեցնել տա), բայց Զազունյանը լուռ էր։

— Այսինքն դուք ուզում եք ասել հաստատհամոզմունքով,— վրա բերեց Զաքարը։

— Կարող եք և այդպես հասկանալ,— ասաց Աննան, դարձյալ նայելով Զազունյանին։

— Գիտե՜մ, գիտե՜մ,— պատասխանեց Զաքարը։— Իհարկե հաստատ համոզմունքով է գործում, աստծու չեն հավատում— Դարվին, կրոն չեն ընդունում— Ռուսո․ իսկ Դարվին+Ռուսո=նիհիլիզմ, ոչնչականություն։