Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/240

Այս էջը հաստատված է

Ամենքը ծիծաղեցին նրա այդ համեմատության վրա, իսկ ինքը— ավելի։

— Հա, Արսեն,— հանկարծ դարձավ նա Զազունյանին, — ասում են, որ նիհիլիստների համար ոչ մի, թեկուզ բնատուր, բարոյական օրենք չկա. և ոչ մի աստվածային կամ մարդկային օրենքով իրենց կապված չեն համարում և խիղճ էլ չեն ճանաչում. ճի՞շտ է այդ։

— Այդպիսի դեպքում, կարծում եմ, որ երկրորդ ջրհեղեղ պետք է լիներ,— պատասխանեց Զազունյանը։— Իհարկե, մարդկությունը դեռ այդ աստիճանին չի ընկել և չի կարող ընկնել։

— Կընկնի, կընկնի,— բացականչեց Աննան։— Անպատճառ կընկնի և— շատ շուտով։ Խոր թափանցողություն և խոր հասկացողություն չի հարկավոր, որպեսզի ամեն մեկն այդ բանում չհամոզվի։ Նայեցեք ձեր շուրջը, նայեցեք առօրյա կյանքին՝ որ երկրում և ո՞ր ազդության մեջ որ ուզում եք,— և դուք կտեսնեք, որ բարոյականությունը ծանր հիվանդի նման հազիվհազ կանգնում է ոտքի վրա, և այսօր թե վաղն անպատճառ պետք է ընկնի, մեռնի։ Դրա տեղ անբարոյականությունը Դամոկլեսի սրի նման կախված է մարդկության գլխին և ամեն րոպե սպառնում է իջնել իր գործը կատարելու։ Մի քայլ էլ դեպի անբարոյականություն— և ամեն ինչ վերջացած է մարդկության համար։ Նրա վիճակն արդեն վճռված է։

— Իմ կարծիքով, սխալվում եք, տիկին,— պատասխանեց Զազունյանը.— մարդկության վիճակը դեռ չի վճռված, նրա վիճակը դեռ չի վճռված, նրա վիճակը նոր է որոշվում։ Ճշմարիտ է, բարոյականությունը ներկա ժամանակում, ըստ երևույթին, ընկած է և կարծես այդ իսկապես այդպես է, ըստ երևույթին, ինչպես դուք ասացիք, նա նմանում է ծանր հիվանդի, որ այսօր թե վաղը պետք է ընկնի, բայց, իմ կարծիքով, դուք շատ եք շտապում դատավճիռ կարդալու։ Բարոյականությունը ծանր հիվանդի նմանեցնելով, դուք այդ հիվանդի վրա նայում եք հուսահատ հիվանդատիրոջ նման, որ ձեռքերն արդեն լվացել, ետ է նստել. այնինչ՝ եթե դուք ուզում եք իսկապես իմանալ գործի էությունը, պետք է նայեք ոչ թե այդպես, այլ փորձառու