Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/244

Այս էջը հաստատված է

ժամանակը։ Նա միանգամից զգաց, թե որքան սարսափելի է իր դրությունը։ Դառն գիտակցությունն, ինչպես շիկացած երկաթ, շանթում էր նրա ուղեղն ու սիրտը։

«Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ», անտանելի հուսահատությամբ մտածում էր նա։ «Այս ի՞նչ կրակ է սրտումս... ո՞ւր փախչեմ։ Ի՞նչպես ազատվեմ այս անտանելի դրությունից... Գոնե Զաքարն այնքան բարի չլինի, այնքան լավը չլինի, գոնե նա վատ վարվելիս լինի ինձ հետ․․․ ինչո՞ւ ես ատում եմ նրան, զզվում եմ նրանից... այն ժամանակ ես կփախչեի նրա հետ, հավիտյան նրանը կլինեի, նրա աղախինը, նրա ստրուկը կլինեի... տեր աստված, տեր աստված»։

Եվ ինչպես մի մարդ, որ, հանկարծ սթափվելով տեսնում է իրեն շրջապատված կրակի ահռելի բոցերով և ոչ մի տեղից, ոչ մի կողմից ելք չի գտնում ազատվելու համար, նույնպես և որ կողմից էլ քննում, կշռում էր իր դրությունն, ամեն կողմից տեսնում էր իրեն շրջապատված տանջանքով և հուսահատությամբ։ Մի ելք միայն կար այդ դրությունից ազատվելու համար, այն է՝ Զազունյանի ընդմիշտ հեռանալը, բայց այդ այն աստիճան սոսկալի էր թվում նրան, որ նա մինչև անգամ չէր ուզում, վախենում էր այդ մասին մտածել. նրան թվում էր, նա զգում էր, թե Զազունյանի հեռանալուն պես վշտից և հուսահատությունից անպատճառ կմեռնի ինքը։ Ընդհակառակն, նրա բոլոր մտավոր և հոգեկան աշխարհը մարմնացել էր միայն այն անհուն ցանկության մեջ, որ Զազունյանը միշտ իր մոտ, իր աչքի առջև լինի։

«Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ», անդադար մտածում էր նա տանջվելով և ոչ մի տեղից պատասխան չէր ստանում այդ «ի՞նչ անեմ»֊ին։

Այնինչ Զազունյանը շարունակում էր հաճախել նրանց տուն։ Նրան տեսնելուն պես, կարծես, մի կախարդական զորությամբ, Էմմայի տանջանքն իսկույն չքանում էր, և դրա տեղ նրա սիրտը լցվում էր անհուն ուրախությամբ. բայց նա ամեն կերպ աշխատում էր զսպել իրեն, որպեսզի ոչ մի բանով չմատնի իրեն, մանավանդ այն ժամանակ, երբ Աննան ներկա էր լինում, որովհետև ոչ ոքից այնքան չէր վախենում, որքան Աննայից։ Առանց այն էլ նրան թվում էր, թե Աննան