Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/245

Այս էջը հաստատված է

արդեն ամեն բան հասկանում է և իրեն միշտ հետամուտ է լինում, միշտ կասկածավոր աչքով է նայում։ Նա սկսեց խորշել Աննայից. ի՞նչ֊որ անհայտ մի զգացմունք ետ էր մղում նրան իր վաղեմի ընկերուհուց և այլևս թույլ չէր տալիս այնպես մտերիմ լինել նրա հետ, ինչպես առաջ։ Նա մինչև անգամ զգում էր, որ Աննան հետզհետե ընկնում էր իր աչքում, և մի տեսակ ատելության զգացմունք բույն էր դնում իր սրտի մեջ դեպի նա, մանավանդ այն ժամանակ, երբ Զազունյանի մասին խոսք ընկնելով, Աննան միշտ իրեն հատուկ հեգնությամբ էր խոսում նրա մասին։ Շատ անգամ Աննայի խոսակցության այդ հեգնական ձևը և Զազունյանի հասցեին շռայլած արհամարհական ածականներն այն աստիճան անտանելի էին թվում նրան, որ նա քիչ էր մնում ուղղակի արգելեր նրան, որ նա Զազունյանի մասին այլևս ոչ մի խոսք չարտասանի։ Երբեմն էլ նրան թվում էր, թե Աննան Զազունյանի մասին այնպես աննպաստ խոսում է միայն նախանձից, թեև տեսնում էր, որ Աննան իրեն ցույց է տալիս նույն քնքուշ մտերմական սերը, ինչ որ առաջ և նրա վարմունքի մեջ, ըստ երևույթին, հակառակորդուհու մի նշույլ անգամ չկա։ Պակաս չէր տանջվում նաև այն ժամանակ, երբ Զազունյանի մասին խոսում էր Զաքարը, չնայելով, որ նա Զազունյանի մասին միշտ հիացմունքով էր խոսում։ Մի անգամ, այլևս չկարողանալով համբերել, նա մինչև անգամ բարկացած կանչեց Զաքարի վրա.

— Քանի՞ գովես, քանի՞... հազար անգամ լսել ենք։

Աննան այնպիսի արարածներից էր, որոնք մի հայացքով իմանում են, թե բանն ինչումն է, և որոնց սուր դիտողությունից հազիվ թե հնարավոր է լինում որևէ բան ծածկել. այդ պատճառով նկատում էր, թե ինչ է կատարվում Էմմայի մեջ, մանավանդ որ Էմման, չնայելով իր բոլոր նախազգուշություններին, այնքան էլ լավ չէր կարողանում պահել իրեն։ Սկզբում Աննան այդ բանին համարյա նշանակություն չէր տալիս, նա կարծում էր, թե մի աննշան տպավորություն էր, որ Զազունյանի պես գեղեցիկ մարդիկ սովորաբար թողնում են մանկահասակ կանանց վրա, քանի որ նրանք նոր են, խորհրդավոր են, և կարծում էր, որ ժամանակի հետ անցնելով Զազունյանի այդ խորհրդավորությունը, կանցնի և