Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/246

Այս էջը հաստատված է

Էմմայի վրա թողած տպավորությունը․ այդ պատճառով նա ուշադրություն չէր դարձնում այդ բանի վրա։ Բայց տեսնելով, որ Զազունյանի թողած տպավորությունը հասարակ, անցողիկ տպավորություն չէ, Աննան սկսեց լուրջ ուշադրություն դարձնել այդ բանի վրա։ Էմման նրան տակավին շատ անփորձ էր թվում, և այդ պատճառով նա իր բարոյական պարտքն էր համարում նախազգուշացնել ընկերուհուն այն վտանգավոր ճանապարհից, որի վրա անգիտակցորեն ոտք էր դրել նա։ Մի քանի անգամ փորձեց այդ բանի մասին խոսք բանալ Էմմայի հետ, բայց ինչ-որ անհասկանալի պատճառով թե՛ սիրտ չէր անում և թե ժամանակը հարմար չէր լինում։ Վերջապես մի անգամ առավոտյան հաստատ վճռականությամբ նա գնաց Էմմայի մոտ պարզապես խոսելու այդ մասին։

23

Ամեն անգամ, երբ նա գալիս էր Էմմայի մոտ, ժպտալով կամ ծիծաղելով ուղղակի ներս էր վազում նրա սենյակը, բայց այս անգամ նրա դեմքի վրա ոչ ծիծաղ կար, ոչ ժպիտ։ Ներս մտավ ծանր, հաստատուն քայլերով և մինչև անգամ չնայեց Էմմային։

Էմման նստած էր լուսամուտի առջև։ Ձեռագործը ձախ ձեռքին՝ դրել էր ծնկան վրա, իսկ աջ ձեռքի արմունկը լուսամուտի տախտակին հենած և կզակն ափի վրա դրած՝ շարունակ նայում էր դեպի դուրս։ Ինչպես երևում էր, ընկղմված էր մտածմունքների մեջ, բայց Աննայի մտնելուն պես՝ հանկարծ սթափվեց և հարցական-զարմացական հայացքով նայեց նրան։

— Էմմա, ես ուզում եմ քեզ հետ մի բանի մասին խոսել,— ասաց Աննան դարձյալ չնայելով նրան և ձեռնոցները դուրս քաշելով ձեռքերից։

Էմման դեռ կարմրեց, հետո գունատվեց։ Իսկույն հասկացավ, թե բանն ինչումն է, և հպարտ, մինչև անգամ արհամարհական դիրք ընդունեց, կարծես դրանով ուզում էր ասել— ասա՛, քեզնից չեմ վախենում։