Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/25

Այս էջը հաստատված է

էր։ Լա՜վ, ի՞նչ անենք որ... Մի՞թե առաջին անգամն է այդ, որ նա մեկին սպասում է... Ինչո՞ւ ուրիշներին սպասելիս նա միևնույն այդ ուրախ տրամադրության մեջ չէր լինում... կամ ո՞վ է նա, որին այսօր սպասում է. ի՞նչ պիտի բերե նա նրա համար, ի՞նչ մի լավ բան, ի՞նչ մի ուրախալի լուր, որից հենց առաջուց նրա սիրտը ցնծում է։— Նա մի նոր ծանոթ է, ուրիշ ոչինչ, և միայն հյուր պիտի գա նրանց մոտ։ Դեհ, շա՛տ բարի, ուրեմն էլ ի՞նչ կա այդտեղ այդպես ուրախանպլու, ցնծալու... Հյուր է գալու, թող գա և գնա, պրծանք, գնա՛ց։ Հարյուրավոր հյուրերի է սպասել նա, բայց երբեք նրա տրամադրությունն այդպես չի լարվել... Սակայն, ո՛չ— այդտեղ մի ուրիշ բան կա... մի անբացատրելի բան, մի մութ բան, որի մեջ, որպես երկու փայլուն աստղեր, վառվում, շողշողում են երկու կրակոտ աչքեր..․ որի մեջ, որպես գարնանային երկու միանման թարմ, կարմիր թագուհի վարդեր, սաստիկ վառվում են երկու սիրուն գեղաժպիտ այտեր... վերջապես, որի մեջ, որպես անտառի ուշագրավ հեզասաղարթ շշնջյուն, լսվում է մի հրապուրիչ, քաղցրիկ ձայն...

Պարոն Հարունյանը նստած էր լուսամուտի մոտ՝ նույն օրվա լրագրի համարը ձեռքին։ Նա ոչինչ չէր կարդում, չնայելով, որ աչքերը սևեռած էին լրագրի վրա։ Նրա երևակայությունը հափշտակված էր...

— Ինչո՞ւ իշխանուհին այսպես ուշանում է, Ստեփաննոս,— հանկարծ լսվեց նրա կնոջ ձայնը, որ իսկույն ևեթ հանեց նրան յուր անշարժ դրությունից։

— Իշխանուհի՞ն,— մեքենայաբար հարցրեց պարոն Հարունյանը, ձեռքին բռնած լրագիրը վար թողնելով։ Տիկին Հարունյանը կանգնած էր նրա առաջ։

— Այո։ Շուտով ժամի տասը կլրանա։

— Ժամի տա՞սը, մի՞թե... իսկ ես մոռացել էի, որ ժամի տասին ուրիշ տեղ պիտի գնամ,— ասաց պարոն Հարունյանը ժամացույցին նայելով և տեղից վեր կենալով։

— Ո՞ւր։

— Մեկի մոտ կարևոր գործ ունիմ։ Զարմանալի է, Ժամի տասն է, իսկ ես կարծում էի, թե ինն է տակավին։