Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/255

Այս էջը հաստատված է

անդադար կրկնում էր նա ինքնիրեն։ «Այս մի տպավորություն է, որ շուտով կանցնի»։

Եվ իրավ. «հիմարությունը» սկզբի օրերում միայն հանգիստ չտալով նրան, այնուհետև սկսեց փոքր առ փոքր խաղաղել, իսկ շաբաթներ անցնելուց հետո նրա սիրտն սկսեց բաբախել սովորական կերպով. Էմմայի պատկերն էլ հեռացավ նրա աչքերի առաջից, «հիմար» ցնորքներն էլ հանգիստ տվին նրան. կարծես բոլորովին ոչինչ չէր էլ պատահել։ Այդ բանին քիչ չնպաստեց նրա դատի քննությունը, որ սկզբում շատ վատ էր գնում. նա ակամա ստիպված էր ցնորքները մի կողմ թողնել և մտածել իր դատի մասին, նոր միջոցների դիմել, միշտ աչալուրջ մնալ, որպեսզի դատը տանուլ չտա։ Եվ տանուլ չտվեց։ Ամեն ինչ վերջացնելով և կալվածքների մասին հարկավոր կարգադրություն անելով, նա պատրաստվեց Թիֆլիս վերադառնալու, իսկ Թիֆլիսից մտադիր էր անմիջապես շարունակելու իր ճանապարհորդությունը։ Նախքան Թիֆլիս գնալը, նա մտաբերեց Զաքարի խնդիրը և հեռագրեց նրան։

Երկաթուղու երկրորդ կարգի վագոնում նստած՝ նա վերադառնում էր Թիֆլիս, և նրա երևակայության մեջ նորից հարություն էր առնում Էմմայի պատկերը և դրա հետ առաջվա «հիմար» ցնորքները նորից պաշարում էին նրան։ Այդ բանի համար նա այլևս հաշիվ չէր տալիս իրեն, ուրեմն և չէր աշխատում հեռացնել իրենից երևակայության այդ անկոչ հյուրերին, որոնք ինչ-որ գաղտնի զորությամբ գողունի մտնում էին նրա ուղեղը և զբաղեցնում նրան։ Որքան մոտենում էր Թիֆլիսին, այնքան նրա սիրտը բաբախում էր անհանգստությամբ՝ նա կարծում էր, որ երկաթուղու կայարանում Զաքարի հետ իրեն կդիմավորի և Էմման, և ինքը նրա երևակայական պատկերի տեղ կտեսնի նրա իսկական պատկերը։ Ակամա անհասկանալի մի ցնծություն պաշարեց նրան։ Բայց երբ կայարանում նրան հանդիպեց միայն Զաքարը, նրա այդ ցնծությունը տեղի տվեց մի տեսակ հիասթափության, իսկ երբ Զաքարից իմացավ, որ Էմման նրա մեկնելուց հետո հիվանդացել էր, սկզբում շատ վախեցավ։ «Չլինի՞ թե սիրահարվել է ինձ վրա»․ առաջին անգամ այդ միտքը կայծակի արագությամբ անցավ նրա գլխով և, րոպեական երկյուղից