Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/256

Այս էջը հաստատված է

հետո, նրա սիրտը թրթռար մի տեսակ երջանիկ ինքնաբավականությամբ։ Սակայն մտքումը նա իսկույն ևեթ սկսեց ծիծաղել իր վրա, որ այդքան հեռու գնաց, որովհետև ինչպես իր՝ Էմմայի վրա սիրահարվելը, նույնպես և Էմմայի իր վրա սիրահարվելը նա կատարելապես «հիմարություն» էր համարում։ Այնուհետև նույն օրը տեսնելով Էմմայի և սկսելով խոր դիտել նրան, նա մեկ համոզվում էր, որ նա անտարբեր չէ դեպի ինքը, մեկ էլ, իր թերահավատության պատճառով, նրան հակառակն էր թվում, բայց, այնուամենայնիվ, երկու դեպքումն էլ նա ի ներքուստ ավելի հակված էր դեպի վերջին ենթադրությունը։

Օրերն ու շաբաթներն անցնում էին։ Զազունյանն իր սրտի մեջ եղած «հիմարությանն» այժմ իր իսկական անունն էր տալի։ Ինքնախաբեությունով, իհարկե, ոչինչ չէր դառնա․ իրականությունն ամեն դեպքում միշտ իրականություն է մնում։ Օր֊օրի վրա նա սարսափով տեսնում էր, որ այդ «հիմարությունն» ահագին ուժ և զորություն է ստանում և անասելի արագությամբ տիրապետում է նրա բոլոր մյուս զգացմունքներին, նրա ամբողջ էությանը։ Ճանապարհորդությունը շարունակելու միտքը միշտ հալածվում էր նրանից, որպես բռնի ստեղծած ցնորք, երբեմն մտնում էր նրա գլուխը և առանց մի որոշ վճիռ ստանալու, նորից չքանում, անհետանում էր։ Ուրիշ ավելի քաղցր, ավելի հոգեզմայլ ցնորքներ շարունակ վխտում էին նրա գլխում, որպես կախարդիչ հուրիներ, և նրա բոլոր մտավոր կարողությունը կենտրոնացնում էին միայն իրենց վրա։ Որքան նա աշխատում էր սառը, լուրջ խոհականությամբ հալածելու իր գլխից այդ ցնորքները և կշռադատելու իր դրությունը, չափելու այն անդունդի խորությունը, որի մեջ աննկատելի կերպով ընկնում էր ինքը, այնուամենայնիվ, այդ բոլորի հետևանքը դարձյալ առաջվա ցնորքներն էին լինում։ Որքան նա աշխատում էր Էմմայից հեռու փախչել, այնքան այդ նորատի, գեղեցիկ կինը որպես մագնիս ձգում էր նրան դեպի ինքը, և նա չէր կարողանում դիմադրել այդ ձգողական ուժին։ Նա սիրում էր ամենավառ զգացմունքով և անասելի տանջվում էր, որ իր այդ սիրով ոչ իրեն և ոչ Էմմային չի կարող տալ երջանկության մի նշույլ անգամ, այլ, ընդհակառակն, իր հետ նրան