Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/266

Այս էջը հաստատված է

— Գնալուց առաջ, իհարկե, մեզ չեք մոռանալ,— անսպասելի հաստատ ձայնով և առանց նրան նայելու, ասաց նա։ Նրա ձայնը այնպես էր հնչում, որ, կարծես, նա սաստիկ վիրավորված էր Զազունյանից։

Զազունյանը չպատասխանեց, միայն ամուր սեղմեց նրա ձեռքը։

28

Զաքարի և Զազունյանի դուրս գնալուց հետո Աննան ու Էմման մնացին մենակ միևնույն սենյակում։ Աննան շարունակ նսաած էր միևնույն տեղը, միևնույն բազկաթոռի վրա։ Էմման, առանց նրան գեթ մի անգամ նայելու, կարծես նա բոլորովին այնտեղ էլ չէր, գնաց նստեց լուսամուտի մոտ, առաջվա նման մեջքը նրա կողմը անելով։

Սենյակում երկար ժամանակ լռություն էր տիրում. կարծես այնտեղ ոչ ոք չկար։ Դուրսն արդեն բավական մութն էր։ Սեղանի վրա պայծառ վառվում էր հսկա լամպը։ Էմման շարունակ նայում էր դեպի դուրս, իսկ Աննան՝ նրա ծոծրակին։

— Ինչքա՜ն վատ բան է հիասթափությունը,— վերջապես, կարծես ինքն իրեն, կամաց խոսեց էմման։— Ես կարծում էի, թե աշխարհիս երեսին մի ընկերուհի, մի քույր ունիմ, որ հարկավոր դեպքում պատրաստ կլինի ինձ համար մինչև անգամ կյանքը զոհելու, այնինչ անմիտս չէի իմանում, որ մարդկային սրտում երբեմն բույն է դնում այնպիսի զզվելի, գարշելի մի զգացմունք, որ ամեն ինչ տակնուվրա է անում․ այդ զգացմունքը— նախանձն է, չար, սև նախանձը, որ մարդուս ամեն ժամանակ փոխում է և ընդունակ է դարձնում ամեն տեսակ ստոր արարքների...

Աննան, իհարկե, հասկացավ, թե նա դրանով ում և ինչ է ուզում ակնարկել, բայց ավելի լավ համարեց լռել, քան թե պաշտպանել իրեն, չնայելով, որ Էմմայի խոսքերը բավական դիպան նրա սրտին, թեև նա շատ լավ իմանում էր, որ Էմման այդ ժամանակ ինչ էլ ասեր, բոլորը ներելի էր նրան։

— Ինչո՞ւ ես այսպես պետք է տանջվեմ, ինչո՞ւ,— կարճ լռությորնից հետո շարունակեց Էմման դողդոջուն ձայնով։— Բացի սիրելուց և դարձյալ սիրելուց, ես ի՞նչ էի արել նրան,