Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/271

Այս էջը հաստատված է

հյուրանոցից, թափառում էր ինքն էլ չիմանալով որտեղ և ինչու, նորից վերադառնում էր հյուրանոց և կարճ ժամանակից հետո նորից դուրս էր գնում, թափառում։ Մի քանի անգամ ուզեց գնալ Մարկոսյանների տուն, բայց ոչ մի անգամ էլ չգնաց, ինքն էլ չիմանալով ինչու։

Այդպես անցկացրեց նա ամբողջ օրը։ Գիշերը դարձյալ դուրս եկավ թափառելու։ Արդեն բավական ուշ էր, երբ նա կամեցավ վերադառնալ իր սենյակը։ Բայց հանկարծ զգաց, որ սաստիկ քաղցած է. այդ օրը նա ոչ թեյ էր խմել, ոչ ճաշել։ Մտավ եվրոպական պայծառ լուսավորված ճաշարաններից մեկը և սպասավորի բերած խորտկացուցակի վրա ցույց տվեց առաջին պատահած կերակուրը։ Պահանջեց և մի շիշ գինի։ Այն սենյակում, որտեղ ինքն էր նստած, բացի իրենից, ուրիշ ոչ ոք չկար։ Հեռավոր սենյակից մի քանի մարդկանց ձայներ էին լսվում, որոնք, ինչպես երևում էր, մի բան էին խաղում։ Երկար ժամանակ անցավ, մինչև որ սպասավորը, վերջապես, բերեց պահանջած կերակուրը և գինին։ Զազունյանը սկսեց ուտել և խմել։ Սպասավորն երկրորդ կերակուրն էր բերել նրա համար, երբ հարևան սենյակներից մեկից դուրս եկավ մի բարձրահասակ սպա։ Զազունյանը նայեց նրան և ճանաչեց։

Զագորսկին էր։

30

Իսկույն երևում էր, որ Զագորսկին բավական արբած էր։ Նրա դեմքը կարմրել էր, աչքերը պղտորվել էին։ Նա բավական գեղեցիկ տղամարդ էր, դեղեցիկ կազմվածքով և առավել ևս գեղեցիկ կապույտ աչքերով, որոնք նրա ձվաձև, սափրած դեմքին` մինչև անգամ արբած ժամանակ անձնավստահ-համարձակ և միևնույն ժամանակ քաղցր և գրավիչ արտահայտություն էին տալիս։ Գլխարկն աչքերի վրա փոքր-ինչ վայր թողած, նա ուզում էր անցնել Զազունյանի նստած սենյակով և դուրս գնալ, երբ հանկարծ նկատեց Զազունյանին, որը գլուխը դիտմամբ կախել էր կերակրի վրա, ցույց տալով, թե չի տեսնում նրան։ Զագորսկին քայլը ծռեց և առանց շտապելու մոտեցավ նրան։