Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/276

Այս էջը հաստատված է

— Ես մի վատ սովորություն ունիմ,— ասաց նա,— երբ խմում եմ, ձայնս այսպես խանձվում է։ Հա, չգիտեմ, դուք հասկանո՞ւմ եք ինձ,— շարունակեց նա,— բայց ես ձեզ կբացատրեմ, թե անհատական իրավունք և անհատական համոզմունք ասելով ինչ եմ հասկանում։ Ասացի, որ յուրաքանչյուր մարդ ունի իր անբռնաբարելի իրավունքները, որոնք միայն իրեն են վերապահված և որոնք ուրիշի նույն տեսակ իրավունքներից, եթե կարելի է այսպես ասել, մի տեսակ անջատ տարր են կազմում։ Այդ— իրավունքները։ Այժմ— համոզմունքները։ Ասացի նույնպես, որ յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական հասկացողությունը, իր սեփական համոզմունքն իրերի և երևույթների վերաբերմամբ, սխալ թե ուղիղ, ասացի, այդ ոչ ոքի գործը չէ։ Ուրեմն՝ այդ հասկացողությունն, այդ համոզմունքը նույնպես, եթե կարելի է այսպես ասել, կրկնում եմ, մի տեսակ անջատ տարր են կազմում ուրիշի նույն առարկայի, նույն երևույթի վրա ունեցած հասկացողությունից, համոզմունքից։ Օրինակներով խոսենք։

Նա լցրեց բաժակները զելտերյան ջրով մեկն— իր, մյուսը— Զազունյանի համար, Զազունյանինը նրա առաջը քաշեց, իսկ իր բաժակը վերցրեց, առանց շտապելու խմեց և առանց շտապելու վայր դրեց։

— Խնդրեմ անուշ արեք, եթե կամենում եք,— ասաց նա,— բավական սառն է․․․ A propos իզուր դուք չեք շարունակում ընթրել. ես ձեզ, կարծեմ, չեմ խանգարում։

Զազունյանը ոչ զելտերյան ջուրն անուշ արավ և ոչ շարունակեց ընթրել, և ոչ ձայն հանեց։ Նա վճռել էր մարտիրոսաբար համբերել։

— Ասացի՝ օրինակներով խոսենք,— շարունակեց Զագորսկին, ետ ընկնելով աթոռի մեջքին։— Վերցնենք... այս սեղանը, որի առջև նստած ենք ես և դուք։ Դուք իրավունք ունիք ասելու, որ այս սեղանը ձերն է, ես ևս իրավունք ունիմ ասելու, որ այս սեղանն իմն է, որովհետև սա ոչ ձերն է և ոչ— իմը, այլ ամենքինը, որոնք այս ճաշարանը կմտնեն, բայց որովհետև այս սեղանն առաջուց դուք եք բռնել, այդ պատճառով, քանի դուք նստած եք սրա առջև, սա ձերն է։ Տեսնում եք, որ մեր իրավունքներն իսկապես հավասարազոր