Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/278

Այս էջը հաստատված է

վերացականության և իրականության միջև, իդեալիզմի Ա ռեալիզմի միջև, մետաֆիզիկայի և կյանքի միջև։ Ուրեմն հասկանալի է, թե ինչու, ոչ մի առնչություն չունենալով միմյանց հետ, գերմանացին պետք է ատի ֆրանսիացուն, և փոխադարձ։ Շիլլերը— այդ երերուն օդի մեջ շրջող բանաստեղծը, գերմանացի միայն կարող էր լինել, իսկ ֆրանսիացիներից միայն կարող էր դուրս գալ Զոլան, որ հաստատ, մայր հողի վրա է ման գալիս։ Բայց ո՞րն է ուղիղ և ո՞րը սխալ— գերմանացի՞ն, թե ֆրանսիացին։ Հարցը լուծելու համար՝ մարդու վրա պետք է նայել այն տեսակետից, ինչ տեսակետից որ տեսնում և ճանաչում ենք նրան առօրյա կյանքում, այսինքն՝ որ նա այսօր կա, վաղը— չէ։ Ուրեմն՝ եթե մարդու վրա նայենք իբրև ժամանակավոր հողանյութ արարածի վրա, որին մի, և, այն էլ կարճ կյանք է տրված, որից հետո նա դարձյալ պետք է հող դառնա, ապա պարզ է, որ ֆրանսիացին ամենաճիշտ կերպով ըմբռնել է այդ գաղափարը և դրա համեմատ էլ գործում է կյանքում կամ, ավելի ճիշտ ասած, օգուտ է քաղում կյանքից՝ բոլորովին հակառակ գերմանացուն։

Նա լցրեց դարձյալ մի բաժակ զելտերյան ջուր և խմեց։ Զազունյանը կարծես չէր լսում նրան։ Առանց ձայն-ծպտուն հանելու նա շարունակ նայում էր ուրիշ կողմ։

— Գուցե դուք այժմ մտածում եք,— շարունակեց Զագորսկին,— թե ինչո՞ւ ես, խոսակցությանս նյութը թողնելով, սկսեցի խոսել ֆրանսիացու և գերմանացու մասին, և ի՞նչ կապ կա խոսակցությանս նյութի և այդ երկու ազգերի համեմատության միջև։ Եթե իսկապես այդպես եք մտածում, ապա ես պետք է ասեմ, որ սխալվում եք, թե ոչ մի կապ չկա։ Խոսակցությանս նյութի և ֆրանսիացու ու գերմանացու համեմատությանս միջև մեծ կապ կա, որ ես իսկույն կպարզեմ։ Ի՞նչ է իմ խոսակցությանս նյութը։— Այն, որ ես ուզում եմ հիմնավորապես ծանոթացնել ձեզ ինձ հետ իմ բոլոր գաղափարներովս և հայացքներովս, իմ բոլոր մտավոր և բարոյական աշխարհովս, որովհետև, վաղեմի ընկերներ լինելով, տեսնում եմ, որ դուք ինձ բոլորովին չեք ճանաչում։ Պարզելով ֆրանսիացու և գերմանացու միջև եղած տարբերությունը, իհարկե, այնպես, ինչպես ես եմ հասկանում, և ցույց