Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/279

Այս էջը հաստատված է

տալով ֆրանսիացու համեմատական առավելությունը գերմանացու հանդեպ, իհարկե, դարձյալ իմ տեսակետից— իմ նպատակս էր բացառապես շեշտել ֆրանսիացու բնավորության վրա և դրանով թեև անուղղակի, բայց ճիշտ, հիմնավոր գաղափար տալ ձեզ իմ մասին։ Առանց հակասելու իմ հիմնական գաղափարներիս, այսինքն՝ հարգելով գերմանացու անհատական անբռնաբարելի իրավունքներն և համոզմունքներն, ես, ինչպես դուք արդեն հասկացաք ինձ, բռնում եմ ֆրանսիացու կողմը, այսինքն՝ իմ բոլոր գաղափարներս և հայացքներս՝ շրջապատող իրերի և երևույթների, մի խոսքով— կյանքի վրա՝ նույնն են, ինչ որ ֆրանսիացունը։ Ես կատարելապես հպարտանում եմ, որ ռուս եմ և անդամ մի հզոր ազգի. ես սիրում եմ իմ հայրենիքը և ազգն, ինչպես իմ հարազատներին, և նրանց փառքի համար, իբրև քաջարի զինվոր, շատ անգամ գնդակին և սրին դեմ եմ տվել կուրծքս և միշտ դեմ կտամ, չխնայելով արյունս և կյանքս արհամարհելով, բայց և այնպես ես մոլեռանդ չեմ։ Հարգելով և սիրելով ազգային ինքնուրույնությունս, ես հարգում և սիրում եմ այն ճիշտ, անսխալ հայացքը կյանքի վրա, այն bo sens-ը, որ ունի ֆրանսիացին և որին, կրկնում եմ, ես հետևում եմ։

Նա դարձյալ ծանր շունչ քաշեց և սկսեց ոլորել էր գեղեցիկ, փոքրիկ ընչացքը։

— Այժմ, կարծում եմ, ես ձեզ բավական մանրամասն տեղեկություն տվի ինձ իսկապես ճանաչելու համար,— շարունակեց նա,— և չեմ կարծում, թե այլևս որևէ բան մնաց պարզելու։ Ահա ես նստած եմ ձեր առջև առանց դիմակի, և դուք պարզ, թափանցիկ տեսնում եք իմ հոգին։ Արդյոք փոխեցի՞ իմ մասին ձեր կազմած գաղափարը՝ թե ոչ,— այդ ինձ համար միևնույն է. բայց բացատրելով ձեզ, թե ինչ և ով եմ ես, վերականգնեցի իմ իրավունքները, վերականգնեցի իմ պատիվը։ Իմ նպատակս այդ էր միայն։ Ինչքան էլ ձեզ այդ օտարոտի թվա, բայց ճշմարիտ ջենտլմենին իսկապես այդ է հարկավոր միայն, ուրիշ ոչինչ։ Սակայն այս էլ վատ չէր լինիլ, եթե դուք իմ այս բոլոր ասածներից դուրս բերեիք մի այսպիսի եզրակացություն.— որ ես կատարյալ իրավունք ունեի... «խլելու» ձեզնից ձեր կինն, ինչպես...