Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/282

Այս էջը հաստատված է

և երկրորդ՝ ես ոչ մի քաղաքացիական կամ բարոյական օրենք չեմ ընդունում, բացի այսպես ասած, բնական օրենքից, որ գտնվում է իրեն՝ մարդու մեջ։ Խոսքս, կրկնում եմ, բացառապես վերաբերոում է կնոջն, երբ նա ամուսին է։ Կինը մինչև այն ժամանակ է մի տղամարդի ամուսինը, երբ սիրում է նրան, բայց երբ դադարեց նրան սիրելուց և սիրեց մի ուրիշ տղամարդի, այլևս առաջինի ամուսինը չէ, այդ հաստատ է։ Այդպես է պահանջում բնական, այսինքն սիրո օրենքը, որ ամենաճիշտը և ամենապարզն է։ Ես այլևս չեմ երկարացնում։ Այդ բոլորից դուք կարող եք հետևցնել այն, ինչ որ հարկավոր է։ Dixi, ես վերջացրի։ Այժմ համեցեք այս նամակը։

Նա մեկնեց Զազունյանին նամակը։

Զազունյանն առավ և շտապեց դուրս գնալ։

Զագորսկին ժպտաց նրա ետևից, վերցրեց Զազունյանի համար լցրած զելտերյան ջուրը, խմեց, հանեց շշի գինը դրեց սեղանի վրա, վեր կացավ, գլխարկը ծածկեց և դուրս գնաց Զազունյանի ետևից։

Կեսգիշեր էր։ Փողոցում անցուդարձը կտրվել էր։ Զագորսկին շտապեցրեց քայլերը և հասավ Զազունյանին։

― Ինչու՞ դուք չեք ուզում լսել այն,― ասաց նա, նրա հետ առաջ գնալով,― ինչ որ, իմ կարծիքով, չեք գտնի այդ նամակում։ Դուք իզուր եք ինձնից փախուստ տալիս, մանավանդ այժմ, երբ չկա այլևս մեր մեջ երկպառակություն ձգողը։ Մենք կարող ենք առաջվա նման բարի բարեկամներ լինել, եթե դուք այդ ցանկանաք։

Զազունյանի կատաղությունը բորբոքվեց, բայց նա կարողացավ զսպել իրեն և լուռ առաջ անցավ։

― Նա մեռավ անցյալ տարի,― ասաց Զագորսկին, նրա հետ հավասար առաջ գնալով։― Մեռավ թոքախտից․․․ խնդրեց ինձ, որ այդ նամակը ձեզ ուղարկեմ, և ևս, իբրև ճշմարիտ ջենտլմեն, այդ իմ սրբազան պարտականությունը համարեցի։ Բայց որովհետև ինձ հայտնի չէր ձեր ուր լինելն, այդ պատճառով ես սրբությամբ պահեցի այդ նամակը, մինչև որ բախտը կամ հաջող դեպքն այս գիշեր հանդիպեցրեց մեզ միմյանց․ և ես շնորհ ունեցա այդ սրբազան ավանդն իմ ձեռքովս