Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/284

Այս էջը հաստատված է

Զազունյանը նամակը կարդալիս չզգաց, թե ինչպես Զագորսկու պատճառած կատաղությունն իսպառ չքացավ։ Մի տեսակ պայծառ զգացմունք կամաց֊կամաց սկսեց լուսավորել նրա մռայլ հոգին։ Ամեն, կատարելապես ամեն ինչ մոռանալով, նրան թվում էր, թե ինքը սավառնում է բարձր, բարձր, և զգում էր, թե ինչպես իր սիրտն՝ ազատ ամեն տեսակ զգացմունքներից՝ բաբախում է մեղմ, տխուր, բայց սրբազան երջանկությամբ։ Եվ իրավ, ի՞նչը կհասներ ներման այն վեհ զգացմունքին, որ, որպես փրկության կաթիլներ, ցողում է մարդկային քարացած սրտի և հոգու վրա․․․ Մոլորված կինը խղճի տանջանքների տակ՝ վերջին անգամ դարձյալ դեպի նա է դառնում— դեպի իր ամուսինը և, մահվան անկողնում պարզելով նրան իր դողդոջուն ձեռքերը, ներումն է հայցում...

Զազունյանի աչքերը լցվեցին արտասուքով։

Երկար ժամանակ, կարծես արձանացած, նա կանգնած էր սեղանի առջև։ Նամակը դողում էր նրա ձեռքում, և նրա աչքերը չէին հեռանում նամակից։

Շուրջը և դուրսը կատարյալ լռություն էր տիրում։

Հանկարծ դռան մոտ մի թեթև շրշյուն նրա ուշադրությունն իր կողմը դարձրեց։ Նա արագ դարձավ դռան կողմը և ակամա ետ ու ետ գնաց։ Այն, ինչ որ այդ րոպեին ներկայացավ նրա աչքերին, տեսիլ միայն կարող էր լինել, ուրիշ ոչինչ...

Նա աչքերը փակեց և ձեռքը թափահարեց դեմքի առջև, կարծես դեմքից մի բան քշելով։ Աչքերը նորից բաց անելով, նույն տեսիլը ներկայացավ նրան դռան մոտ կանգնած։ Հանկարծ նա մի քանի քայլ առաջ վազեց, կարծես մեկն ետևից հրեց նրան, հանկարծ կանգ առավ և ձեռքերը տարածեց դեպի տեսիլը։

— Է՛մմա,— բացականչեց նա։

Տեսիլը շարժվեց և ընկավ նրա գիրկը։

— Է՛մմա,— շշնջաց Զազունյանը։

Նրանց շրթունքները հանգան իրար վրա։

— Է՛մմա․․․ ի՞նչպես այս կեսգիշերին․․․ ինձ մոտ․․․

— Չգիտեմ․․․ չգիտեմ,— շշնջաց Էմման, ամուր սեղմվելով նրա կրծքին։