Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/295

Այս էջը հաստատված է

Առավոտյան հազիվհազ քունս եկել էր և հենց այնպես առանց հանվելու էլ քնել եմ։

— Հետո՞,— հարցրեց Էմման, որ, հազիվ զսպելով ծիծաղը, շարունակ նայում էր նրան։

— Հետո ի՞նչ։ Մեկ էլ աչքերս բաց եմ անում` տեսնեմ Զաքարը նստած է սենյակումս։ Սկզբում խիստ վախեցա. կարծեցի, թե գիշերն անպատճառ քեզ մի բան է պատահել ճանապարհին, որ եկել է ինձ մոտ, բայց որ իմացա, թե նա միայն ինձ հրավիրելու է եկել, ազատ շունչ քաշեցի։

— Հա՜, հա՜, հա՜,— ազատություն տվեց Էմման իր ծիծաղին։— Բայց ո՞րտեղ է երազը. էլ ո՞րտեղից էր իմ այցելությունը քեզ երազ թվում։

— Իհարկե, երազ էր ու երազ, քանի որ ոչ մի ակներև փաստ չկար, որ հաստատեր, թե դու գիշերն իսկապես այցելել ես ինձ։ Ահա հիմա միայն իմացա, որ այդ երազ չի եղել։

— Հա՜, հա՜, հա՜,— դարձյալ ծիծաղեց Էմման։— Բայց եթե իսկապես երազ լիներ միայն, այն ժամանակ ի՞նչ կանեիր,— հանկարծ հարցրեց նա և հետաքրքրությամբ նայեց Զազունյանի դեմքին։

— Ի՞նչ պետք է անեի,— չիմանալով ինչ պատասխաներ, ասաց Զազունյանը։— Կհեռանայի,— հանկարծ դուրս թռավ նրա բերանից։

— Առանց ինձ տեսնելո՞ւ,— շտապով հարցրեց Էմման, ավելի հետաքրքրությամբ նայելով նրա դեմքին։

— Ոչ, քեզ պետք է տեսնեի։

— Ինչո՞ւ,— կրկնապատիկ հետաքրքրությամբ հարցրեց Էմման։

Զազունյանն ուզում էր հայտնել իր նախօրեն կազմած ծրագիրը, որի համեմատ նա վերջին անգամ պետք է տեսներ Էմմային, բացատրեր նրան իրենց դրությունը, բայց... չկարողացավ։

— Հրաժեշտ տալու,— պատասխանեց նա միայն։

— Ի՞նչ,— զարմացած երկարացրեց էմման, գլուխն առաջ և անելով դեպի նրա դեմքը։— Հրաժեշտ տալո՞ւ...

Զազունյանը շփոթվեց նրա համառ հայացքից։