— Ի՞նչ ես անում, Է՛մմա,— փոքր-ինչ զարմացած հարցրեց Զաքարը։
— Ի՞նչ է,— սառնությամբ հարցրեց Էմման։
— Ինչո՞ւ էիր բարձը գրկել․ երեխա՞ էիր կարծում, ի՛նչ է։
Էմման վեր կացավ և գնաց դեպի լուսամուտը։
— Ատամս ցավում է,— հնարեց նա։
— Այդ էր պակաս,— ասաց Զաքարը։— Առավոտյան չէր ցավում։
— Ի՛նչպես չէր ցավում․․․ առավոտյան էլ էր ցավում, երեկ էլ, բայց այսքան չէ, որքան հիմա։
— Հապա ինչո՞ւ չէիր ասում։
— Դու ի՞նչ պետք է օգնեիր։
— Այնուամենայնիվ․․․ դեղ դրե՞լ ես։
— Դեղը չի օգնում։
Էմմայի համար անտանելի էր երկար սուտ խոսել, այդ պատճառով խոսակցությունը փոխելով՝ ասաց․
— Մոռացա ասեմ, որ Արամիկի համար կոշիկ պետք է գնվի։
— Այդ կգնենք,— ասաց Զաքարը։— Բայց դու ինձ այս ասա, Զազունյանը չի՞ եկել։
— Եկավ,— պատասխանեց Էմման։
— Հետո, ո՞ւր է։
— Գնաց։
— Ո՞ւր գնաց։
— Ասում է՝ գործ ունեմ։
— Բայց ճաշին չի՞ գալ։
— Ասաց, որ չէ։
— Է-Է՛հ, ինչ անշնորհքն ես, Էմմա,— թեթև դմգոհությամբ ասաց Զաքարը։— Ինչո՞ւ թողիր, որ գնա։
— Զարմանալի է, խո չէի կարող թոկերով կապել,— պատասխանեց Էմման, որին այդ խոսակցությունն ավելի անտանելի էր, քան սուտ խոսելը։
— Գոնե չասացի՞ր, որ երեկոյան կամ վաղը գա,— հարցրեց Զաքարը։
Էմման հանկարծ օտարոտի համարձակ հայացքով նայեց ուղղակի նրա աչքերին։