Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/302

Այս էջը հաստատված է

զանազան դրությունների մեջ, կարծես այսօր ուրիշ կին էր, վաղն— ուրիշ, մյուս օրը— դարձյալ ուրիշ, բայց ամեն անգամ առաջվանից ավելի գեղեցիկ, ավելի սիրելի, ավելի կախարդիչ, այնպես որ Զազունյանը զարմանում և ապշում էր, թե ո՞րտեղից է արտահայտում նա հոգեկան այդքան ուժ և հարստություն, և ինչքան կախարդիչ գաղտնիքներ կան թաքնված նրա սրտի խորքում։ Ըստ երևույթին, նա պետք է ուրախանար, որ այս անգամ առանց Էմմայի կողմից փաղաքշական դիմադրության հանդիպելու կարող էր ուղղակի դիմել գործին, որի համար եկել էր․ բայց, ընդհակառակն՝ Էմմայի սառն ընդունելությունը հենց առաջին վայրկյանից նրան մեծ երկյուղ պատճառեց. այդ երկյուղը նմանում էր սիրահարի երկյուղի, որ զգում է, երբ իր սիրելիից սառն ընդունելություն ստանալով, հանկարծ կասկած է տանում, թե չլինի՝ չի սիրում իրեն։ Եվ այդ երկյուղը այնպես ցնցեց Զազունյանի էությունը, որ նա մինչև անգամ գունատվեց։

Լուռ բարևելով Զազունյանին, էմման լուռ նստեց գահավորակի վրա։ Զազունյանը նույնպես լուռ նստեց նրա մոտ աթոռի վրա։

Կարճ ժամանակ երկուսն էլ լուռ էին։ Այդ լռությունն ավելի ևս կրկնապատկում էր Զազունյանի երկյուղը։ Նա բոլորովին մոռացավ, թե ինչի համար էր եկել և անհամբերությամբ սպասում էր, թե ինչ պետք է ասի Էմման, կարծես թե այն, ինչ որ պետք է ասեր Էմման, նրա մահու և կյանքի խնդիրը պետք է լուծեր։

Հոնքերը կիտած և աչքերը վայր թողած՝ Էմման նստած էր անշարժ․ նա ոտից ցգլուխ սառնություն էր արտահայտում։ Զազունյանն անթարթ նայում էր նրա դեմքին և կարծում էր, թե մինչև անգամ չի շնչում։

— Ինչո՞ւ ինձնից ծածկում էիք այն, ինչ որ ամենից առաջ ինձ էիք պարտական հայտնելու,— հանգիստ ձայնով և առանց շտապելու ասաց վերջապես Էմման,— շարունակ Նայելով իր ծնկներին։

Զազունյանի երկյուղը զարմանքի փոխվեց։

— Ին՞չը, Էմմա,— հարցրեց նա։