Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/305

Այս էջը հաստատված է

ջուր, այրող ծարավս կոտրելու համար— նա ինձ տալիս է բորբոքված ոսկի»,— վերջապես մտախոհությամբ հազիվ լսելի ձայնով արտասանեց Էմման Շիլլերի Փիլիպոս թագավորի խոսքերը և գլուխը դառնությամբ շարժեց։— Չոր է, չոր է, պարսն Զազունյան,— ասաց նա, դեմքը կամաց դեպի նա դարձնելով։— Գուցե շատ ճշմարիտ, շատ խելոք են ձեր ասածները, բայց... այստեղ, այստեղ (նա ձեռքը դրեց իր կրծքին)... այստեղ մի բան կա, որ համաձայն չէ։ Ունի՞ք արդյոք դուք այդ «մի բանը»... աստված գիտե։

Զազունյանը բոլորովին ստորացած՝ նայեց նրան։

— Էմմա, ինչո՞ւ ես ինձ այդպես վիրավորում,— մեղմ հանդիմանությամբ ասաց նա։

— Օ՛հ, եթե գիտենաք, թե ո՜վ ո՛ւմն է վիրավորում...

— Ուզում ես ասել՝ ե՞ս եմ քեզ վիրավորում։

— Բավական է,— հանկարծ, կարծես շնչասպառ լինելով, արտասանեց Էմման և վեր կացավ տեղից։— Օ՜հ, այդպես շո՜ւտ հիասթափվել,— սաստիկ հուսահատությամբ բացականչեց նա, և նրա ձայնը դողաց։ Նա գնաց նստեց գահավորակի վրա և դեմքը ծածկեց ձեռքերով։

Զազունյանը կատարելապես մեռելի գույն ստացավ։

— Էմմա՛, մի՛ սպանիր ինձ,— կանչեց նա խենթի նման վեր թռավ տեղից:— Է՛մմա։

Էմման լուռ էր:

— Է՛մմա,— հուսահատական աղերսանքով կրկնեց Զազունյանը։— Դու ինձ բոլորովին չես խղճում։

Էմմայի ուսերը ցնցվեցին։

— Դու ինձ ստորացնում ես,— շարունակեց Զազունյանը,— դու ինձ հողի հետ ես հավասարեցնում նրա համար միայն, որ ես խղճիս ձայնը լսելով, չեմ ուզում մոռացած լինել ընկերական պարտականությունս և իմ միակ, իմ անգին երջանկությունս ուզում եմ զոհ բերել դրան։

— Միևնույն ժամանպկ զոհ բերելով և ուրիշի միակ երջանկոթյունը, իմ երջանկությունը,— ցնցողաբար հեկեկալով հազիվ կարողացավ արտասանել Էմման։

Զազունյանը տանջանքով նայեց նրան։ Նրա սիրտը պատռվում էր։

— Ուրեմն ի՞նչ անեմ, ինքդ ասա,— հուսահատությամբ