Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/309

Այս էջը հաստատված է

թող լինի։ Ամբողջ երկու շաբաթ էր, ինչ նա ոտք չէր դրել Մարկոսյանների տուն։ Մի օր, կեսօրից առաջ, նա գնաց։

Հենց ուզում էր քաշել Մարկոսյանների տան դռան զանգակը, երբ հանկարծ դուռը բացվեց, և այնտեղից դուրս եկավ Զազունյանը։

Աննան բոլորովին չէր սպասում նրան։ Նրա լուրջ դեմքը և ցիլինդրը տեսնելուն պես՝ բոլոր մաղձը շարժվեց նրա սրտում շ։

— Ա՜, պ. Զազունյան,— երկարացրեց նա մի կասկածավոր հայացք ձգելով նրա վրա և սեղմելով նրա ձեռքը։ Դուք դեռ այստեղ եք... դեռ անցյալ շաբաթ, կարծեմ, ուզում էիք հեռանալ այստեղից։

Զազունյանը բոլորովին շփոթվեց, ինչպես սպասում էր Աննան. ընդհակառակն՝ նա համարձակ, մինչև անգամ խիստ հայացքով նայեց նրան։

— Այո, տիկին,— պատասխանեց նա սառնությամբ,— պետք է հեռանայի, բայց... մի քանի հանգամանքներ արգելք եղան։

— Հա՜,— ակամա խորհրդավոր եղանակով երկարացրեց Աննան, ավելի խոր նայելով նրա աչքերին։— Բայց դարձյալ երկա՞ր եք մնալու այստեղ,— հարցրեց նա։

— Չգիտեմ... հայտնի չէ,— առավել ևս սառնությամբ և այս անգամ առանց նրան նայելու պատասխանեց Զազունյանը։ Նա չսեղմեց Աննայի ձեռքը, միայն ցիլինդրը վերցրեց, գլուխ տվեց նրան և հեռացավ։

Աննան ակամա նայեց նրա ետևից։

«Ի՜նչ սիրուն է անիծածը», մտածեց նա և ներս մտավ։ Սանդուղքի գլխին տեսավ Էմմային, որը, ինչպես երևում էր, վերևից նայում և լսում էր նրանց։ Նա բարձրացավ Էմմայի մոտ այն ժամանակ, երբ Էմման, կարծես նոր ուշքի գալով, հանկարծ դարձավ և, առանց նրան նայելու և ձայն հանելու, ուզում էր հեռանալ։ Աննան անհամարձակությամբ կտրեց նրա առաջը։

— Բարև, Էմմա,— ասաց նա, չհամարձակվելով ձեռք տալ նրան։

— Բարև,— սառնությամբ պատասխանեց Էմման, նայելով հատակին։