Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/314

Այս էջը հաստատված է

— Ճշմարիտ է, ես հիմա էլ չեմ ուզում հավատալ, թե նրանց մեջ մի այդպիսի բան կարող է լինել. Էմման հիմա էլ նույնն է իմ աչքում, ինչ որ առաջ, Զազունյանի մասին հիմա էլ նույն գաղափարն ունեմ, ինչ որ առաջ, բայց... ախր բանե՜ր կան, տիկին Աննա, բանե՜ր կան...

Աննան նեղն ընկավ։ Իհարկե, նա չէր կարող հայտնել նրան իսկական պատճառը և ակամա պետք է սուտ ասեր։

— Չգիտեմ ճշմարիտ... ես ի՞նչ կարող եմ գիտենալ,— ասաց նա։

— Չէ, չէ, դուք գիտեք, դուք անպատճառ գիտեք, մի՛ ծածկեք ինձնից։

— Հավատացեք, պ. Զաքար, ես ոչինչ չգիտեմ, թե չէ ինչո՞ւ պետք է ծածկեմ։

— Չէ, չէ, դուք կարող եք ծածկել.— այնպիսի բան կարող է լինել, որ ակամա ստիպված կլինեք ինձնից ծածկելու։ Բայց հավատացեք, տ. Աննա, որ դուք, հայտնելով, ինձ ավելի մեծ լավություն արած կլինեք, քան թե ծածկելով։ Ախր դուք չգիտեք,— նա ձայնը ցածրացրեց,— թե ինչ է նշանակում անդադար տարուբերվել կարծիքների և կասկածների մեջ... դրանից ուղղակի կարելի է խելագարվել, հավատացեք, կարելի է խելագարվել... մի՛ ծածկեք, ասացե՛ք, թե աստված կսիրեք, ասացեք։

— Ինչո՞ւ չեք ուզում հավատալ, որ ես ոչինչ չգիտեմ, պ. Զաքար։

Զաքարը մեղմ հանդիմանությամբ նայեց նրան։

— Ուրեմն Էմմայի փոփոխությունը ձեր տարաձայնության հետ ոչ մի կա՞պ չունի,— հարցրեց նա։

— Ոչ մի։

— Չունի՞։

— Չունի։

— Խաբում եք։

— Դուք ինձ վիրավորում եք, պ. Զաքար։

— Հապա ի՞նչ է ձեր տարաձայնության պատճառը։

— Մի հին վեճ, որ անսպասելի կերպով նորոգվեց։

— Ի՞նչ վեճ։

— Ներեցեք, այդ չեմ կարող ասել։

Զաքարը հառաչեց։