Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/318

Այս էջը հաստատված է

Զազունյանն այս անգամ զարմացած նայեց նրան․ կարծես նա նոր ուշքի եկավ։

— Արդյոք չէի՞ք ցանկանալ նստել, տիկին,— ասաց նա, ցույց տալով բազկաթոռը։

— Ոչ, շնորհակալ եմ,— այս անգամ արդեն խստաբար պատասխանեց Աննան։ Զազունյանի ինքնավստահ սառնասրտությունը դարձյալ շարժեց նրա բոլոր մաղձը։— Ես շատ կցանկանայի իմանալ, պարոն, թե ինչո՞ւ դուք մինչև այսօր այստեղ եք, երբ վաղուց արդեն հեռացած պետք է լինեիք այստեղից,— ասաց նա, ամենայն համառությամբ նայելով նրա աչքերին։

Զազունյանը դարձյալ զարմացած նայեց նրան։

— Իսկ ես շատ կցանկանայի իմանալ, տիկին,— ասաց նա,— թե ի՞նչ իրավունքով դուք իմ գլխին դատավոր եք կանգնում։

Աննան կատաղեց։

— Այն իրավունքով, պարո՛ն, որով յուրաքանչյուր սրտացավ բարեկամի վրա սրբազան պարտականություն է դրվում պաշտպանել անմեղ ընտանիքների պատիվն ու անունը ձեզ պես անարժան ընկերներից,— կանչեց նա։

Զազունյանը մի րոպե ծայրահեղ ապշությունից սառած մնաց կանգնած տեղը— այն աստիճան վայրենի թվացին այն բառերը, որ այդ կինն այնքան համարձակորեն շպրտեց իր երեսին։ Հետո հոնքերը սաստիկ կիտեց և մի մռայլ հայացք ձգելով նրա վրա, նկատեց մի տեսակ խուլ ձայնով.

— Տիկին, երևի դուք չեք հասկանում ձեր արտասանած բառերի իմաստը։

— Ո՛չ, ես շատ լավ հասկանում եմ, պարոն, իմ արտասանած բառերի իմաստը և ուրիշ բառեր ես չունեմ ձեզ համար, որովհետև եթե դուք մարդկային հպարտություն և վեհանձնություն ունենայիք, չէիք անի այն, ինչ որ արդեն արել եք և շարունակում եք անել... Ձեզ պես մարդիկ չեն կարող և իրավունք չունին վիրավորվելու այսպիսի խոսքերից, իսկ ես ուրիշ կերպ չեմ կարող ձեզ հետ խոսել։

Զազունյանն ավելի սաստիկ կիտեց հոնքերը, բայց հետո մի արհամարհական ժպիտ անցավ նրա շրթունքների վրայից։