Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/320

Այս էջը հաստատված է

մնացել է ազնվության գեթ մի նշույլ, խղճի գեթ մի կայծ, եթե դուք իսպառ չեք կորցրել մարդկային և ընկերական արժանապատվության զգացումը, ապա կլսեք ինձ և չարախնդությամբ հակառակ չեք գնա խոսքերիս։ Ես կատարեցի իմ պարտքը, մնում է, որ դուք էլ կատարեք ձեր պարտքը։

Անշարժ կանգնած՝ Զազունյանը սաստիկ վրդովված լուռ նայում էր հատակին։ Այդ միջոցին նրա դեմքն այնքան դաժան արտահայտություն էր ստացել, որ Աննան, լավ նայելով նրան, սարսափեց։ Ասելիքը վերջացնելով, նա ուզում էր դուրս գնալ բայց երկյուղից չկարողացավ տեղից շարժվել։ Նա բնազդմամբ զգաց, որ Զազունյանը պատրաստվում էր խիստ հարձակում գործելու, և երկյուղից սրտատրոփ սպասում էր, թե ինչ է պատասխանելու իրեն։

— Տիկին,— կարճ, ծանր լռությունից հետո ասաց Զազունյանը նույն խուլ, չարագուշակ ձայնով և շարունակ նայելով հատակին,— շատ ցավում եմ, որ դուք լավ չեք մտածել, թե ինչ բանի համար եք գալիս ինձ մոտ և այնպես չեք եկել, որովհետև դուք այնպիսի ծանր և անշնորհակալ պաշտոն եք հանձն առել, որ ես չգիտեմ, թե ինչ անուն տամ դրան... Բացի դրանից, ես երբեք չէի կարծի, որ դուք ձեր անձնական պատիվն ու հարգն այդ աստիճան քիչ կգնահատեիք, որ թույլ տայիք ձեզ մի այդպիսի անպատվաբեր միջնորդի դեր կատարելու... Սակայն պետք չէ որ զարմանամ․ դուք մեր ծանոթանալու հենց սկզբից իմ դեմ թշնամական դիրք բռնեցիք և մինչև այսօր անդադար մութ անկյուններից հետամուտ էիք լինում ինձ վնասելու նպատակով, իսկ այսօր դուք արդեն սահմանն անցաք։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է ձեզ իմ դեմ այդպիսի դիրք բռնելու պատճառը... Սակայն ես ձեզ այդ չեմ հայտնի ձեր հպարտությունը չվիրավորելու համար, բայց և այնպես դուք այդ հասկանում եք... Դուք աշխատում եք ձեր վարմունքը քողարկել այն բանով, որ իբր թե ձեզ առաջնորդում է դեպի ձեր ընկերուհին ունեցած հոգացողությունը. բայց իզուր չէր լինի, եթե մտածեիք, որ ես կարող եմ այնքան հիմար լինել, որ խաբվեմ դրանից։ Հեշտ և լավ բան չէ, տիկին, երբ ուրիշի զգացմունքների հետ խաղում եք, մանավանդ այնպիսի զգացմունքների հետ, որոնք նրա համար շատ թանկ են․ այդ կարող է ձեզ