Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/321

Այս էջը հաստատված է

վնասել։ Ընդունեցեք, որ նա, որի զգացմունքներին այդպես անմտածած կերպով եք վերաբերվում, կարող է հպարտություն ունենալ. իսկ հեշտ բան չէ, երբ այդ հպարտությունը վիրավորած կլինեք։ Դուք ասում եք (Զազունյանը ձայնը բարձրացրեց և առաջին անգամ իր դաժան հայացքով նայեց Աննային), թե ես դավաճանել եմ ընկերոջս, ոտնակոխ եմ արել նրա հյուրասիրությունը, թշվառացրել եմ նրա ընտանիքը... ուստի ես իրավունք չունեմ վիրավորվելու ձեզնից, երբ դուք ուղղակի դիպչում եք իմ մարդկային արժանապատվությանը, շոշափում եք իմ պատիվը։ Բայց ասացեք խնդրեմ (նա առջևը դրած աթոռը զսպած կատաղությամբ վերցրեց և աղմուկով մի կողմը քաշեց), ո՞ր մարդկային, ո՞ր բարոյական, ո՞ր իրավական, մի խոսքով, ո՞ր օրենքով դուք թույլ եք տալիս ձեզ ինքնակամ դատավոր կանգնելու մի այնպիսի գործի, որի վրա մի մազաչափ անգամ իրավունք չունիք։ Դուք կարող եք ձեր ծանոթին, ձեր բարեկամին նրա, ձեր կարծիքով պախարակելի, վարմունքի առթիվ բարեկամական խորհուրդ տալ և այն՝ շատ զգույշ կերպով, բայց այդ վարմունքի վրա ինքնակամ անվերապահ դատավճիռ դնել — դա ավելի է, քան ապօրինի գործ, ավելի է, քան բռնություն, ադ անուն չունի։ Դուք մտե՞լ եք իմ սիրտս, հոգիս, ուղեղս, և գիտե՞ք, թե ես ինչ եմ զգում և ինչ մտատանջությունների եմ ենթարկված այն գործի մասին, որի վրա դուք այդպես հեշտ կերպով դնում եք ձեր veto-ն։ Լավ մտածեցեք և կտեսնեք, թե դուք այս մի քանի րոպեում ինչքան խոր կերպով վիրավորեցիք իմ ամենանուրբ, ամենանվիրական զգացմունքները և շնորհակալ կացեք իմ սառն բնավորությունից, որ ես կարողացա ինձ զսպել և համբերել, և այն հանգամանքից, որ դուք կին եք, ապա թե ոչ... ես պատասխանատու չէի կարող լինել իմ վարմունքի համար... մանավանդ այդ ճգնաժամին... Դժբախտաբար, ես ինձ ոչ մի կերպ պարտավոր չեմ զգում հայտնի իրողության համար ձեզ հաշիվ տալու, ապա թե ոչ, եթե բանայի ձեր առջև իմ սիրտը, կզարհուրեիք, գիտե՞ք դուք այս... Հարգել, հարգել պետք է, տիկին, ուրիշի զգացմունքները և եթե ուզում եք ուրիշի անձնական գործերին դատավոր կանգնել՝ պետք է հասկանաք նրան, ուղիղ, անսխալ կերպով հասկանաք, այլապես