Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/322

Այս էջը հաստատված է

դուք վատ և վտանգավոր գործ կատարած կլինեք։ Ես սոփեստություն չեմ անում, տիկին, և ոչ էլ միտք ունեմ ինձ արդարացնելու ձեր առջև, այլ ուզում եմ ձեզ հասկացնել, որ այսուհետև շատ և խիստ շատ զգուշությամբ վերաբերվեք ուրիշի անհատական զգացմունքներին, մինչև անգամ, եթե այդ ուրիշը ձեր ամենամոտ, ամենասրտակից բարեկամը լինի։

Նա լռեց և ջղային քայլերով սկսեց անցուդարձ անել սենյակում. բայց հանկարծ կանգ առավ և ավելացրեց.

— Սակայն, այս լավ իմացեք, տիկին, որ ես երբեք չեմ ցանկացել, չեմ ցանկանում և հույս ունեմ, որ երբեք էլ չեմ ցանկանա ուրիշին այս կամ այն կերպ վնասել, լինի դա ընկերս, բարեկամս, թե մի օտար— այդ միևնույն է ինձ համար։ Իսկ եթե, հակառակ իմ կամքիս, չարագուշակ բախտը կստիպի ինձ չարիք գործել, ես այդ չարիքի դեմ առնելու հարմար ամենայն ինքնամոռացությամբ պատրաստ եմ կռվել այդ բախտի դեմ և, եթե հարկավոր է, նույնիսկ զոհ գնալ դրան... Կարող եք բոլորովին հավատացած լինել, որ իմ բռնած կամ բռնելիք ընթացքիս համար ձեր խորհուրդների պետքը չեմ զգում, տիկին։

Եվ Զազունյանը նորից սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։

Աննան կանգնած էր ինչպես մի մարդ, որի գլխին հանկարծ սառը ջուր են ածել։ Զազունյանի բոլոր խոսակցության ժամանակ նա շարունակ սարսափած նայում էր նրա աչքերին, որոնցից կարծես կայծեր էին դուրս ցայտում. նա կպել էր պատին և նրան թվում էր, թե ինքը մի մրջյուն է Զազունյանի դիմացը, այնքան իրեն ճնշված, հոգով ճնշված էր զգում և այնքան մեծ էր Զազունյանը։ Վերին աստիճանի անտանելի էր նրա դրությունը, երբ Զազունյանը լռեց։ Նա ուզում էր դուրս փախչել այդ զարհուրելի սենյակից, բայց մի բան— ամո՞թ էր այդ թե այն գիտակցությունը, որ ինքը մեղավոր է Զազունյանի առջև— ստիպում էր նրան կաշկանդված մնալ իր տեղում։ Սակայն հանկարծ նա մի շարժում գործեց, մի քայլ առաջ գնաց, ուզեց բան ասել, բայց ոչինչ չկարողացավ արտասանել և դուրս փախավ։