Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/324

Այս էջը հաստատված է

մտածում էր այդ ակնարկի մասին և շատ անգամ այնպես կատաղում էր Զազունյանի դեմ, որ պատրաստ էր լինում նրան մի կերպ վնասելու համար մինչև անգամ աններելի միջոցների դիմել։ Այն գիտակցությունը, որ ինքը բոլորովին անզոր է այդ մարդու առջև, նրան վերին աստիճանի ջղային էր դարձրել։ Դրա հետևանքն այն եղավ միայն, որ նա Զազունյանին ատելով, սկսեց ատել նաև Էմմային և Զաքարին, առավելապես վերջինիս, որի պատճառով (պատճառը նա Զաքարին էր համարում) ինքը մի այնպիսի անհամ և հիմար դրության մեջ էր ընկել։ Նա զգաց, որ անտանելի կերպով վարկաբեկվել է ինքը, որովհետև պարզ կերպով տեսավ, որ մինչև այդ օրը օտարոտի և հիմար միջնորդի դեր է կատարում և այդ բանը, բացի վնասից, ոչ ոքի օգուտ չբերեց։ Վերջին անգամ նա զզվանքով հիշեց իր կատարած դերը, վճռեց ամեն ինչ մոռացության տալ և անմիջապես հեռանալ Թիֆլիսից։ Նա մինչև անգամ չուզեց իբրև կողմնակի հանդիսատես դիտել, թե ինչով կվերջանար Էմմայի, Զազունյանի և Զաքարի գործը, մինչդեռ զգում և համոզված էր, որ պետք է վերջանար անխուսափելի աղետով։

Հյուրանոցի դեպքից երկու օր հետո նա արդեն ուղևորվում էր իր բնակավայրը— Բաթում։

42

Աննայի հետ ունեցած անակնկալ խոսակցությունից հետո, դուրս գալով հյուրանոցից, Զազունյանն ուզում էր փոքր ինչ շրջել՝ հուզմունքն ու վրդովմունքը հանգստացնելու։ Ցիլինդրը աչքերի վրա վայր թողած և անուշադիր հայացքով նայելով անցուդարձ անողներին, նա անցավ Միքայելյան կամուրջը և մտավ համանուն երկար փողոցը։ Նա բոլորովին չէր մտածում, թե ուր է գնում։ Թեև Էմմայի ընկերուհու անկոչ միջամտությունը նրան չափից դուրս վրդովել էր, և նա իրեն վերին աստիճանի վիրավորված էր համարում, բայց իր ծանր դրությունն ի նկատի ունենալով, նա աշխատում էր զսպել բարկությունն ու որքան կարելի է՝ լուրջ և սառն կերպով