Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/326

Այս էջը հաստատված է

սատկեց։ «Հիմա՛ր», ասաց Զազունյանը շան հասցեին և նորից առաջ անցավ։

Քաղաքային հիվանդանոցի առաջ նա հանկարծ կանգ առավ. հիվանդանոցի բակից մեկը շտապ քայլերով դուրս եկավ, նայեց նրան, ըստ երևույթին, ուզեց կանգնել և բան ասել նրան, բայց հանկարծ խելագարի նման առաջ վազեց և նստեց մայթի մոտ կանգնած կառքը։

— Пошол!— գոռաց նա կառապանի վրա։

Կառապանը մտրակեց ձիերին, և կառքն առաջ սլացավ։

Զազունյանը դառն կերպով ժպտաց և սաստիկ գունատվեց. նա ճանաչեց կառք նստողին.— Զաքարն էր։

«Գիտե՞ք, թե մի այնպիսի մարդու համար հիասթափությունն ի՛նչ արժե», հիշեց նա Աննայի խոսքերը և դարձյալ դառն կերպով ժպտաց. այդ ժպիտը հոգեկան սաստիկ ծանր, անտանելի վիճակ էր արտահայտում։ Նա հիշեց Զաքարի առաջվա իրեն ցույց տված մինչև հիմարության հասցրած ընկերական սերն ու հոգացողությունը, համեմատեց այդ նրա այժմյան վարմունքի հետ և կարծեց, թե մի բան, մի տեսակ թանկագին բան հանկարծ կտրվեց իր սրտից և դրա հետ նրա հոգին, նրա ամբողջ էությունը ծածկվեց մի տեսակ մռայլ, զարհուրելի խավարով։ Նրա ամբողջ մարմնով ջղային մի ուժգին ցնցում անցավ. նա ատամները սեղմեց միմյանց, սեղմեց մատներն ափերի մեջ, կարծես պատրաստվելով մի անհաղթ ուժի դեմ կռվելու, և այս անգամ արդեն բոլորովին անզգա կերպով շարունակեց իր ճանապարհը։ «Այո, թանկ, խիստ թանկ արժե մի այդպիսի մարդու համար այդպիսի հիասթափությունը», դաժանաբար ասաց նա ինքն իրեն և մի չարագուշակ զգացմունք պաշարեց նրան։

Էմմայից հաղթվելու օրից, որից հետո ակամա նրա ստրուկն էր դարձել, Զազունյանը միշտ խույս էր տալիս Զաքարից, և մինչև այդ օրը համարյա ոչ մի դեպք չէր պատահել, որ նա հանդիպեր նրան, այդպիսի դեպք չէր պատահել գուցե նրա համար, որ Զաքարն ինքը միշտ խույս էր տալիս Զազունյանից։ Զազունյանը շատ լավ գիտեր այդ և հասկանում էր, որ դրա պատճառը նրա անակնկալ հիասթափությունն էր, որ անշուշտ վերին աստիճանի ցնցած պետք է լիներ նրա ամբողջ էությունը։ «Ինչո՞ւ», մտածեց Զազունյանը և չկամեցավ