էր ինտելիգենտ կնոջ պարզությամբ ու ճաշակով և նստած էր շիտակ՝ նեղ նստարանի ծայրին, ըստ երևույթին զգուշանալով, որ եկեղեցու պատի սպիտակ ջրաներկը չկպչի մեջքին։
Երկինքը բարձր էր, շատ բարձր և իր բարձրությունից նայում էր ներքև բաց-փիրուզի անփայլ կապույտով։ Արևի ճառագայթները հուրհրատում էին եկեղեցու և զանգակատան կաթուղիկեների եռանկյունիները ծածկող արծաթագույն թիթեղների մեջ։ Հարևան խարխուլ տան կտրան ծայրին, նորաբույս առատ կանաչի մեջ կանգնած էր հազիվ մի ամսական սպիտակ մի գառ ականջները սուր ցցած, նայում էր դեպի եկեղեցու բակը, մայում էր համառորեն, և նրա սուր ձայնը զիլ արձագանք էր տալիս գարնանային պարզ օդում։ Ծտերը խմբովին թևերի ամբողջ թափով շեշտակի գալիս նստում էին բակի մեջ տնկված հակակի ծառերի վրա, ճվճվում-ծլվլում էին արևի ճաճանչների տակ պեծին-պեծին տվող մատաղ տերևների մեջ և հանկարծ, կարծես մի ազդանշանով, պոկ էին գալիս բոլորը միասին ու կորչում օդի մեջ եկեղեցու վրայով կամ կողքերով։ Օդը շարժվում էր անդադար ինչ-որ անհանգիստ հունչով — մերթ սառն, մերթ տաք։ Այդ ձմեռն էր, որ իր օրհասի վերջին շունչն էր փչում, և գարունն էր, որ իր տաք շնչառությամբ բնության վերածնությունն էր ավետում։
Եկեղեցին գտնվում էր քաղաքի աղմկալի կենտրոններից հեռու, և բակում հանգուցիչ անդորրություն էր տիրում։ Բակն երեք կողմից շրջափակված էր տներով, իսկ չորրորդ կողմը, զանգակատան հետևը, մի փոքրիկ ձոր կար, որը ծառայում էր աղբանոցի տեղ։ Այդտեղ քջուջ էր անում ժամկոչի թխսկան հավը ձվից նոր ելած իր բազմաթիվ ճուտերով, իսկ աքաղաղը, չափազանց ծանրաշարժ ու բրդոտ ոտներով, կանգնած էր աղբանոցի ծայրին հպարտ ու հանդուգն և իր առողջ թոքերի ամբողջ ուժով ծուղրուղու էր կանչում, արձագանք տալով հայտնի չէ որտեղից, բայց շատ հեռվից լսվող մի ուրիշ ծուղրուղուի, որին նա ուշի-ուշով ականջ էր դնում իր ամեն մի կանչից առաջ։
Կամաց-կամաց հավաքվում էին ժամավորները — մեծ մասամբ կանայք և մեծ մասամբ պառավներ։ Նրանք մտնում