Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/34

Այս էջը հաստատված է

գնանք, իսկ դուք մենակ առեք միմյանցից ձեր կարոտը։ Գնանք դուրս փոքր-ինչ ազատ օդ շնչելու, Նունե։

— Ա՜խ, միևնույն է, իշխանուհի,— շտապեց պատասխանել պարոն Հարունյանը։— Մենք առանձին ոչինչ չունինք, իսկ դուք մեզ երբեք չեք կարող խանգարել։

— Բայց և այնպես ավելի լավ կլինի, եթե մենք ձեզ մենակ թողնենք,— ասաց իշխանուհին ծիծաղելով և առնելով տիկին Հարունյանի թևը։— Գնանք, Նունե։

— Գնանք, իրավ որ մենք էլ խո շատ բան ունենք խոսելու միմյանց հետ, Սոֆիա... Ա՛խ, Սոֆիա, ի՜նչ լավ օր լուսացավ այսօր մեզ համար, ո՞վ կարող էր կարծել, որ այսքան ուրախությունները հանկարծ կարող են տեղալ մեր գլխին։

Եվ նրանք դուրս գնացին պատշգամբը, որ նայում էր քաղաքի մի մեծ և նշանավոր փողոցին։

Երկու եղբայրներ մնացին մենակ։ Սկսվեցան այն բոլոր հարցուփորձերը, որ սովորաբար լինում են երկու բարեկամների, առավելապես երկու ջերմ սիրով սիրող եղբայրների երկարատև անջատումից հետո կրկին տեսակցության ժամանակ։ Դեռ երկար ժամանակ նրանք նստած խոսում էին, երբ, վերջապես, Արմենակը առավ յուր եղբոր ձեռքը և, խորին զգացմունքով սեղմելով, նրան ասաց.

— Սիրելի՛ եղբայր, ես այժմ, երբ հասել եմ նպատակիս, պետք է մատուցանեմ քեզ իմ խորին երախտագիտության զգացմունքն, իմ շնորհակալությունը։ Ես քեզ եմ եղել պարտական իմ երեխա Ժամանակս, քեզ եմ պարտական այժմ և քեզ պիտի պարտական լինիմ միշտ, այսուհետև մինչև իմ վերջին շունչս։ Դու եղել ես ինձ համար ավելի քան հայր, և այդ պատճառով ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես տակավին ոչ մի եղբայր չէ սիրել յուր եղբորը։

— Ես ինձ անչափ երջանիկ եմ համարում, Արմենակ, որ քեզ այժմ նպատակիդ հասած եմ տեսնում,— պատասխանեց միևնույն զգացմունքով Ստեփաննոսը։— Ես միշտ, ինչպես ավագ եղբայր, իմ սեպուհ պարտականությունս եմ համարել բարվոքել քո ապագան և մինչև այժմ անհամբերությամբ սպասում էի այն օրին, երբ իմ այդ պարտականությունս կատարված վերջացած կլիներ— և ահա այդ օրն