Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/340

Այս էջը հաստատված է

պահիր նրանց ու ինչ որ աշխատես, տար բոզերի փորն ածա՞։ Քրիստոսն ասել է՝ գնա հարբիր-տրաքվիր, կեսգիշերներին տուն արի ու առանց պատճառի կնկանդ փայտի տակ դիր ջարդի՞ր։ Հա՞, Քրիստոսն այդ է ասե՞լ։ Բաս չանիծե՞մ նրան այդպես գժվեցնողին։ Բաս չասե՞մ։

— Սպասիր, Հոռոմսիմ,— ընդհատեց նրա խոսքերի տարափն Օսանը։— Դու գիտե՞ս ով է որդուդ խելքից հանել։

— Ինչո՞ւ, դու չգիտե՞ս, Մանեն չգիտե՞,— ասաց Հոռոմսիմը և, որովհետև Օսանն ըստ երևույթին, չգիտեր և զարմացած նայեց նրա զայրացկոտ աչքերին, ավելացրեց.— Այն լպստած, այն աննամուս ակուշերկեն է, է՛լի... Հեղինե Սոլիկյանը— կտրվի նրա անունը։

— Քա՛,— բացականչեց Օսանը և ձեռքերը բռունցք կազմած՝ դրեց շրթունքների վրա ի նշան ապշության։ Նա մեծ տարակուսանքով նայեց հարսի աչքերին, կարծես հարցնելով, թե մի՞թե նրան հայտնի էր այդ բանը։

Մանեն խուսափեց սկեսրոջ այդ հայացքից և մեքենայաբար նայեց դեպի հարևան կտուրը, որտեղ գառը նորից սկսել էր մայել համառորեն։

— Սոլիկենց Ստեփանի աղջիկը... կճանաչեմ,— ասաց Զաքարը, կարծես, ինքն իրեն։

— Ա՛յ, սև մահը ճանաչի նրան, գետինը դնեմ նրա անունը,— սրտանց վրա բերեց Հոռոմսիմը և արագորեն նստեց Օսանի կողքին։— Ես զարմանում եմ ձեզ վրա, Օսան,— ավելացրեց նա հանդիմանորեն.— ախր այն աննամուսին դուք ո՞նց եք տուն թողնում։

— Վո՛ւյ, Հոռոմսիմ ջան, պարտական լինեմ, թե սրանից ավել ես իմացած լինեմ նրա արարմունքը։ Ասենք՝ այն գլխից ես չեմ հավանել նրան. ժամանակ-անժամանակ ներս կընկնի, չաչանակի պես կխոսի, լիրբ-լիրբ կծիծաղի, պապիրոս կքաշի, դուրս կտա ինչ-որ բերանը գա, ոչ մեծ կհարցնի, ոչ պստիկ։ Բայց դե պստկուց հարսիս ընկերուհին է եղել, ուսումնարանում միասին են սովորել, գալիս է, դուռը խո ետ չե՞մ դնիլ երեսին: