Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/342

Այս էջը հաստատված է

քաղցած մնա, թե որ չի ուզում, ասում է ծեծվի ու ջարդվի, թող, ասում է, ուր ուզում է՝ գնա. ես դրան պահողը չեմ»:

— Քա՜,— արտասանեց Օսանը և նորից ձեռքը բռունցք կազմած՝ դրեց շրթունքի վրա:

Հոռոմսիմը ձեռքերը դոինջ արեց ծնկներին և, իր եռանդալից աչքերով նայելով Օսանին, շարունակեց, կարծես Օսանի տեղ մոտը նստած լիներ իր որդին։

— Հիմա չես պահո՞ղը, ասում եմ, երբ որ խեղճ աղջկա ուղն ու ծուծը քամեցիր։ Հի՛մի չես պահո՞ղը, երբ որ խեղճի բաժինքի փողերը դուրս բերիր տարար լակեցիր,— քթովդ դուրս գա։ Թե որ պահողը չէիր, ասում եմ, բաս ինչի՞ ուզեցիր, ինչի՞ այդ խեղճ աղջկա մեղքն ընկար։ Հը՞։ «Այն ժամանակն, ասում է, ջահել էի, աշխարհք չէի տեսել, խելքս բան չէր կտրում. հիմի ամեն բան տեսել եմ, խելոքացել եմ»։— Տո՛, դա խելք է՞, ասում եմ, որ մարդ տուն-տեղ մոռանա, երեխեքին քաղցած-տկլոր պահի, կնկանը ծեծած-ջարդած ու ինքն աննամուս աղջկերքի հետևից թրև գա։ Հը՞, դա խելք է՞: Ասում եմ՝ բաս որ ժամումը տերտերը հարցրեց «տե՞ր ես» ու դու էլ լեզուդ չչորացավ, ասեցիր «տեր եմ», բաս չէիր իմանո՞ւմ, որ մինչև գերեզմանը տեր պետք է լինես ու անտեր չթողնես։ Հը՞, բաս այդքան Էլ չէիր իմանո՞ւմ։ «Այդքանն էլ որ իմանայի, ասում է, իսկի ժամ էլ չէի գնալ։ Ժամս ո՞րն է, ասում է, տերտերս ո՞րն է։ Վեքսիլ խոմ չեմ տվել, ասում է, որ պարտքս բկիցս բռնած առնեն. մի խոսք է, է՛լի, ասել եմ. ասեցնել են տվել, ես էլ ասել եմ. ամենքն ասում են, ես էլ ասել եմ»։ Դե արի ու բան ասա։ Ի՞նչ ասեմ: Հը՞, ձեզ եմ հարցնում, ի՞նչ ասեմ։

Զաքարը գլուխը բարձրացրեց և նայեց Հոռոմսիմի զայրացկոտ ու տարակուսալից դեմքին։

— Ա՛յն ասա, թե՝ որդի, աստծու ճանապարհիցը դուրս ես գալիս, հոգիդ սատանի փայ ես անում,— ասաց նա ծանր ու հանդիսավոր ձայնով։— Ասա նրան, թե վեքսելը, թղթի մի կտորը, ավելի մեծ գին ունի՞, թե աստծու սուրբ սեղանի առաջ, խաչի ու ավետարանի վրա տված խոսքը։

— Ես, ասում է, աստված-մաստված, խաչ֊մաչ չեմ ճանաչում, չէ՛,— աղաղակեց Հոռոմսիմն իր բարկացկոտ աչքերր փայլեցնելով ծերունու վրա։