Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/346

Այս էջը հաստատված է

մի հոգացողություն չունի, բայց միայն այն բանից, որ այն սակավաթիվ ժամերին, երբ Հեղինեն տանն էր լինում, ոչ մի բանի պակասություն չզգար, դժգոհության ոչ մի առիթ չունենար։ Սալոմեի ամբողջ աշխարհայացքը պարփակված էր տան չորս պատերի մեջ։ Տան գործերին նվիրված էր ֆանատիկոսի եռանդով և օրնիբուն զբաղված էր մաքրելով, լվանալով, եփելով, թեև ծառա ունեին. մնացած ժամանակը զբաղվում էր կամ իր հնամաշ շորերը կարկատելով, կամ գուլպա գործելով, կամ իր անթիվ ծաղկամաններով, որոնցով լիքն էին բոլոր լուսամուտները և պատշգամբը։

Այժմ էլ, երբ Մանեն գնաց նրանց տուն, Սալոմեն ինչ-որ բան էր շինում խոհանոցում, և Մանեն անցողակի տեսավ նրան՝ թևերը քշտած և թաց գոգնոցով։ Երևի իր այդ անկարգ դրությունից քաշվելով, Սալոմեն դուրս չեկավ հյուրի մոտ, բայց նրա փոխարեն սենյակից գնդակի պես դուրս նետվեց ինքը Հեղինեն— դեռևս շատ ջահել մի աղջիկ ոսկե պենսնեով մինչև ուսերը խուզած գանգուր մազերով, առանց կորսեի, գիրուկ, կլորիկ, ցածրահասակ, տեղնուտեղը եռանդ, կրակ ու ծիծաղ, կարծես չարաճճի մի տղա լիներ աղջկա շոր հագած։

— Մանե ջան, այս ո՞ր քամին է քշել քեզ իմ կողմը,— կանչեց նա, իր փափլիկ կարճ մատներով առնելով նրա ձեռքերը։— Ի՞նչ լավ է, որ եկել ես. ես մեռա մենակությունից, թեև նոր եմ վերադարձել տուն և այնքան հոգնած եմ, որ քիչ էր մնում պառկեի քնեի։ Արի մի պռոշտի անենք։

Եվ նա բարձրացավ ոտների ծայրերի վրա, որ հասնի Մանեի շրթունքներին։

— Դե՛, շամփուր խո չե՞ս կուլ տվել, մի քիչ կռացիր, է՛, որ հասնեմ։ Եղբորդ պես բարձրացել ես, կարծես թե ուզում ես... շլոր քաղել։

Մանեն ծիծաղեց ակամա և խոնարհվեց Հեղինեի դեմքի վրա։ Հեղինեի այդ անկեղծ ուրախական ընդունելությունը մոռացնել տվեց նրան այն վրդովմունքը, որով եկել էր՝ կռվելու ընկերուհու հետ։

Մանեի շրթունքները մի քանի անգամ պինդ համբուրելուց հետո, Հեղինեն, մի ձեռքով բռնած նրա ձեռքից, մյուսով քթի վրա ուղղելով պենսնեն, ներս տարավ նրան ծաղկամանների