երկայն շարանի միջով, նստեցրեց բազմոցի վրա և ինքն էլ արջի քոթոթի պես թրմփալով, տեղավորվեց նրա կողքին։
— Երեկ եղբորդ էի հարցնում, թե ի՞նչ է պատահել քեզ, հիվանդ խո չե՞ս, որ չես գալիս ինձ մոտ։
— Եղբո՞րս,— զարմացավ Մանեն։
— Հա՛, Վահանին։
— Մի՞թե նա այստեղ է։
Հեղինեն սկզբում ինքը զարմացավ Մանեի այդ հարցի վրա, հետո հանկարծ բարձրաձայն ծիծաղեց։ Ծիծաղելիս նրա փափլիկ այտերի և լիքը կզակի վրա մատնեհարներ էին գոյանում։
— Այ քեզ բա՜ն... Մի՞թե նա դեռ չի եկել քեզ մոտ։
— Չէ։ Ես մինչև անգամ չգիտեի, թե այստեղ է։
— Ի՜նչ ես ասում,— բացականչեց Հեղինեն, և նրա ծիծաղը սաստկացավ։— Իսկ նա ասում էր, թե բոլորովին ողջ և առողջ ես, թե արդեն սկսել ես զատկվա համար պասքաների պատրաստություններ տեսնել, թե ինձ համար ինչ-որ մի սյուրպրիզ ես պատրաստում... մի խոսքով՝ խոսում էր այնպես, որ կարծես թե հենց նոր քեզ մոտ էր եղել։ Եվ բոլորովին լրջորեն, գիտե՞ս։ Հա՜, հա՜, հա՜... Ի՜նչ մազալու մարդ է։ Չափազանց հավանում եմ նրա բնավորությունը։ Սուտ կխոսի հենց միայն նրա՛ համար, որ սուտ խոսած լինի և զվարճանա, թե ինչպես դիմացինը ճշմարտության տեղ է ընդունում իր սուտը։ Դուրս է գալիս մի տեսակ «գեղարվեստը գեղարվեստի համար»։ Ա՜յ, եթե դու ունենայիր նրա բնավորության գեթ մի հազարերորդ մասը, այսինքն՝ կյանքի և մարդկանց վրա նայեիր նրա պես հեգնորեն, այդպես... չէիր լղարիլ թեև խորհուրդ էլ չէի տալ, որ նրա պես չաղանայիր։ Սոսկալի բան է դառել, որ տեսնես։ Առաջը կանգնած՝ ուղղակի թզուկ էի երևում ինքս իմ աչքում, թեև ես էլ մսի մի գունդ եմ։ Իսկ բարձրությո՜ւնը... Սիրտս ասում էր՝ թռչեմ նստեմ ուսին լավ տեսնելու համար— մա՞րդ է, թե մի այլ արարած աժդահաների ցեղից։ Ա՜խ, ինչպե՜ս կուզեի, որ նա իմ եղբայրը լիներ։ Նրա հայացքից, հետո խոսակցության տոնից այնպիսի մի բան ես զգում, որ կարծես թե խտղտում են կռներիդ տակ. համ ախորժելի է, համ անախորժ, համ ծիծաղում ես, համ զայրանում, բայց ընդհանրապես