գժի պես ուրախ ես զգում քեզ։ Որ նրա մարմնի ահագնությունից չվախենամ, անպատճառ կսիրահարվեմ, արևս վկա։ Խտտած ժամանակ մի քիչ որ պինդ հուպ տա, ճխիլ-մխիլս կհանի։ Նրա համար կատվի խաղ կլինի, ինձ համար՝ մկան մահ։
Եվ, շատ սրամիտ համարելով իր այդ համեմատությունը, Հեղինեն շարունակեց ծիծաղել, բայց Մանեն չժպտաց անգամ։ Առիթը շատ հարմար էր, որ Մանեն խոսք բանար իր այցելության նպատակի մասին, և Հեղինեի վերջին խոսքերն այն աստիճան ցինիկական թվացին նրան, որ քիչ մնաց ընկերուհու երեսովը շպրտեր՝ «մեկը բավական չէ՞, որ երկրորդն էլ ես ուզում ունենալ». բայց զսպեց իրեն և ասաց.
— Սպասիր, մեկ գա ինձ մոտ, այնպե՜ս կռվեմ որ...
— Իսկ ես, որ քո տեղը լինիմ, վրա կընկնեմ և այնքան կպաչպչեմ, որ երեսի կաշին կպոկեմ։ Ես եղբայր չունիմ և չեմ ունեցել, բայց որ ունենամ, զգում եմ, որ գժի պես կսիրեմ։
Հեղինեն վեր կացավ, մի պապիրոս առավ սեղանի վրա դրած թղթի արկղիկից վառեց և նորից նստեց Մանեի մոտ։
— Ուրի՞շ, ասա, է՛, ինչպե՞ս ես։ Այսօր... Սպասիր, այս ի՞նչ ես քսել վզիդ: Երեսդ մի քիչ այն կողմն արա։ Ա՜խ, երա՜կդ է։ Իսկ ես կարծեցի թանաք ես քսել։ Դե՛ մի՞թե կարելի է այդքան լղարել։ Մարդդ դեռ չի՞ վերադարձել հանքերից։
— Ոչ։
— Գիտե՞ս, այսօր հիվանդանոցի լուսամուտից տեսա քեզ սկեսուրիդ հետ։ Ասացի՝ փա՜ռք քեզ, աստված, ահա՛ մի օր, երբ իմ սիրուն թռչնիկը դուրս է թռել վանդակից գարնան հրաշալի օդում ճախրելու։ Բայց մի բան հարցնեմ. ի՞նչ հաճույք ես զգում, որ առանց պառավի տանից դուրս չես գալիս։ Վախենո՞ւմ ես, ի՛նչ է, որ... Բադամյանը հանկարծ բռնի ու փախցնի...
Մանեն հոնքերը կիտեց և հայացքը ձգեց ծնկներին։
— Դու, երևի, մեզ տեսել ես այն ժամանակ, երբ մենք ժամ էինք գնում կամ ժամից գալիս,— ասաց նա բավական սառն կերպով։
— Ժա՞մ... ի՜նչ ես ասում։ Ճաշին էր, որ ձեզ տեսա։