Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/353

Այս էջը հաստատված է

կոմպրոմիսները չեն օգնի։ Այսինքն՝ այդ բանն այժմ շատ դժվար է քեզ համար, որովհետև մի անգամ արդեն այնպիսի մի հիմարություն ես արել, որ...

Մանեն կանգ առավ ակամա և զարմացած նայեց ընկերուհու աչքերին։

— Ի՞նչ հիմարություն:

— Որ ամուսնացել ես։ Ի՞նչ բան է ամուսնությունը կնոջ համար,— անխորտակելի մի շղթա, որ պինդ կապում է նրա ոչ թե միայն ձեռքն ու ոտքը, այլև սիրտը, հոգին, ուղեղը — ամե՛ն բան։ Ի՞նչ բան է ամուսնացած կինը.— ստրուկ, փալաս, տան զարդ, տղամարդու հեշտասիրության առարկան, նրա անկողնի ընկերը միայն, և ուրիշ ոչինչ, ոչինչ, ոչինչ...

— Դու զզվելի գաղափար ունիս ամուսնության մասին,— նկատեց Մանեն նողկանքով։

— Ոչ, սիրելիս, ես ճիշտ այն գաղափարն ունիմ ամուսնության մասին, ինչ գաղափար որ նա պարունակում է իր մեջ։ Մնացածը կամ կեղծիք է, կամ անհասկացողություն, կամ ինքնախաբեություն։

— Ուրեմն ամուսնությունը դու... անբարոյականությո՞ւն ես համարում։

— Ես ավելի զորավոր բառով կարտահայտեմ այդ: Ամուսնությունն ես պոռնկություն եմ համարում...

— Էլե՜ն...

— Այո՛, պոռնկություն... սրբագործված պոռնկություն, որով ամուսնությունն ավելի ևս զզվելի պիտի լինի հասկացողի համար,— բացականչեց Հեղինեն և, ինչպես երևում էր նրա վառվող աչքերից, ամենևին կատակ չէր անում։— Ամուսնությունը պոռնկություն չի լինիլ ա՛յն ժամանակ միայն, երբ կինը մարդկային իրավունքների տեսակետից համահավասար աստիճանի վրա կլինի կանգնած տղամարդու հետ կյանքի բոլոր ասպարեզներում և երբ կինը ծախու առարկա չի լինի, այլ տղամարդու պես ազատ ընտրող։ Ցույց տուր ինձ, խնդրեմ, մի կին, մի հատիկ կին, որ ամուսնության գործում ազատ ընտրող լինի հանդիսացած։

— Եթե խոսքդ իմ մասին է, կարող եմ հավատացնել քեզ, որ «այո» ասելիս ոչ ոք չի բռնաբարել իմ կամքը։

Հեղինեն քրքջաց իր ձայնի անախորժ ծկլթոցներով։