է իր մարմինը և փոխարենը փող է ստանում փորը կշտացնելու համար, բայց նա ազատ է, նա անկախ է, ոչ մի պարտավորություն չի կաշկանդում նրան, նա վայելում է անհատի բոլոր իրավունքները և, երբ կամենա, կարող է վռնդել իրեն գնողին։ Իսկ ամուսնացող բարոյական կինը, իրեն ծախելով հանդերձ, ինքն է փող տալիս իրեն գնողին և դեռ խաչ ու ավետարանով էլ պարտավորվում է ցմահ հնազանդ լինելու նրան, այսինքն` նրա ստրուկը լինելու։ Վերցնենք օրինակ քեզ...
— Էլե՛ն, այդ ինչե՜ր ես ասում,— շշնջաց Մանեն այս անգամ պարզորեն ապշած նրա հանդգնության վրա։— Ես խո նրա համար չե՞մ եկել քեզ մոտ, որ վիրավորես ինձ...
— Այ, ես այդպես էլ գիտեի,— բացականչեց Հեղինեն ծիծաղելով։— Բուրժուական մորալն արդեն խոսեց քո մեջ։ Բայց անհոգ կաց, սիրելիս, ես ամենևին միտք չունիմ քեզ վիրավորելու։ Ես միայն ուզում եմ օգնել քեզ` դուրս գալու կախարդական այն դրությունից, որի մեջ գտնվում ես դու Բադամյանի...
— Խնդրում եմ, այդ մասին ո՛չ մի խոսք,— խստորեն ընդհատեց նրան Մանեն գունատվելով։
Հեղինեն նորից ծիծաղեց։
— Մի՛ վախենալ, այդ մասին չեմ խոսելու, որովհետև գիտեմ, որ ինձ չես վստահանում, չնայելով որ ես քեզ անկեղծ սիրում եմ։ Է՛հ, ի՞նչ արած։ Այդ ավելի վատ քեզ համար,— դառնորեն և մի քիչ վիրավորված` ավելացրեց Հեղինեն։
Մանեն նորից մոտեցավ լուսամուտին։
Արևն այժմ խորն էր մտել սարի հետևը և արագորեն հանգցնում էր իր բոցավառ ճաճանչները։ Հորիզոնի բազմերանգ գույները քանի հեռանում էին արևմուտքից, այնքան ավելի խունանում և աննկատելի կերպով միանում էին երկնքի լեղակագույն կապուտակի հետ։ Հորիզոնից դեպի վեր, դեպի երկնակամարի խորքն էին լողում սպիտակ ամպի նուրբ քուլաներ— կարծես դաշտի մեջ արածելով հանգիստ դեպի իր գիշերային օթևանն էր գնում դառների ցրված մի հոտ։