Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/357

Այս էջը հաստատված է

տալու ուղիղ ճանապարհը տարակուսանքների մեջ չմոլորվելու համար, միայն թե մարդ ականջ ունենա լսելու, հոգի ունենա ըմբռնելու և խելք ունենա հասկանալու։ Բնության ձայնով եմ ես առաջնորդվել միշտ, և տես` ինձնից էլ ազատ, անկախ, կենսուրախ և անհոգ արարա՜ծ...

— Բնության ձա՜յնը,— շշնջաց Մանեն, կարծես ինքն իրեն, մտառու հայացքը հեռու հորիզոնին հառած։— Դրանով խո անասուններն էլ են առաջնորդվում։ Բայց մենք, որ մարդ ենք, աստծու պատկերը կրող էակ, բանական, իմացական արարած, հապա ինչո՞ւ է մեզ տրված ամենաբարձր այս շնորհը— այս բանականությունը, այս իմացականությունը։ Ինչո՞ւ համար մեր գլխի մեջ գործում է այս ուղեղը, մեր կրծքի մեջ բաբախում այս սիրտը, երբ մենք էլ, անասունների պես, պիտի ման գանք չորս ոտի վրա և կույր, կոպիտ, ստոր բնազդից զատ ուրիշ ավելի բարձր, ավելի վեհ, ավելի նվիրական ու կարող ձայնի ղեկավարություն չպիտի ճանաչենք։ Օ՜, ուրեմն քանդենք այս տները, մարենք մեր օջախները, գահընկեց անենք հանճարներին, կործանենք նրանց ստեղծած տաճարները, հալածենք, ոչնչացնենք ամեն բան, ինչ որ բարձր է անասնականությունից, ինչ որ վեհ է և սուրբ, ինչ որ աստվածային կնիք է կրում իր վրա։ Ուրեմն մոռանանք, մոռանանք իսպառ, որ աշխարհիս երեսին դա եղել է մեկը, որ իր սեփական արյունով հանել է մարդկությունն անասնականությունից, փրկել է նրան հեթանոսության կապանքներից, բարձրացրել է նրան մինչև երկնքի աստղերը, և նորից իջնենք դեպի ցած, դեպի մեր նախնական վիճակը, գնանք ախոռների մեջ դարման անենք, դաշտերի մեջ խոտ արածենք, թավալգլոր գանք ցեխի մեջ և քաղցած ժամանակ հոշոտենք իրար, որովհետև այս է պահանջում բնության ձայնը... Ա՞յս ես պահանջում, հա՞, ա՞յս է քո պահանջածը,— բացականչեց Մանեն, հանկարծ` ամբողջ մարմնով դառնալով դեպի Հեղինեն, և նրա աչքերը վառվում էին ներքին բուռն հուզումից։— Մինչդեռ ես կասեմ, որ ա՛յն, ինչ որ դու ես քարոզում, սոփեստություն է, ստություն է, կեղծիք է, դիմակ է միայն։ Իսկ ճշմարտությունն ա՛յն է, որ դուք սարսափելի եսասերներ եք, բանական արարածի պատկերը կորցնելու չափ եսասերներ։ Ձեզ անծանոթ