Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/360

Այս էջը հաստատված է

Չես կարող երևակայել, թե որքա՛ն զզվում եմ այժմ նրանից, որովհետև չգիտես, ախր, թե որքա՛ն աներես մարդ է, որքա՛ն հանդուգն, որքա՛ն լիրբ: Այստեղս է հասցրել, ա՛յ (Հեղինեն աջ ձեռքի ցուցամատը կոխեց իր չաղ կզակի տակ)։ Տիզ, կատարյալ տիզ, կպել, պոկ չի գալիս։ Իսկ դու, ո՛վ գիտե, ինձ ես մեղադրում։ Շատ անգամ ուղղակի դուրս եմ անում, բայց նա, երեսը շան կաշի շինած, էլի շարունակում է թրև գալ հետևիցս, թե ինչ է՝ մի անգամ գլուխս քարովն եմ տվել և... Ա՜խ, այս հիշողությունն ուղղակի գժվեցնում է ինձ։ Որքա՜ն անփորձ, որքա՜ն հիմար եմ եղել առաջ... Տե՛ս, տես, ա՛յ, նա գալիս է։ Որ ասո՜ւմ եմ։ Որ ասո՜ւմ եմ,— կրկնեց Հեղինեն, կարծես ֆիզիկական մի սուր ցավից աղաղակելով։

Մանեն լուսամուտից նայեց դեպի փողոց և տեսավ Նասիբյանին փոքրիկ, արագ քայլերով դեպի Հեղինեի բնակած տան դուռը դիմելիս։ Հետո բնազդմամբ նայեց ընկերուհուն և գրեթե վախեցավ — ա՛յն աստիճան փոխված տեսավ Հեղինեի դեմքը։

— Ես կգնամ,— ասաց նա անհանգստացած։

Հեղինեն արագորեն բռնեց նրա ձեռքից։

— Ո՞ւր... Չէ՛, սպասիր։ Դու պետք է մնաս և տեսնես քո աչքով, որ ես երես չեմ տալիս նրան։ Ես հիմա՛ եմ հասկանում, որ դու ինձ վրա այդ աստիճան զայրացած ես այդ սրիկայի պատճառով։ Քո բարեկամությունն այնքան թանկ է ինձ համար, որ ո՛չ մի պայմանով չէի կամենալ, որ դու որևէ կասկած տանեիր ինձ վրա։ Խնդրում եմ մնա։

— Ոչ, աստված է վկա, լավ կլինի, որ...

— Միևնույն է, չեմ թողնիլ,— ընդհատեց նրան Հեղինեն այնպիսի համառությամբ, որ Մանեն ավելորդ համարեց պնդել իր հեռանալու վրա։— Ինչքան վատ գաղափար ուզում ես՝ կարող ես ունենալ իմ մասին, բայց որ կարծում ես, թե այդ սրիկայի արարքների մեջ իմ մատը խառն է, այդ շատ ծանր է ինձ համար։

Խիստ հուզված, նա պենսնեն պոկեց քթից, թաշկինակով սրբեց ապակիները և նորից դրեց քթին։ Նա բոլորովին կերպարանափոխվել էր. սովորական չարաճճի, կենսուրախ արտահայտության հետքն անգամ չէր մնացել նրա դեմքին, և այդ կլորիկ ու փափլիկ դեմքի վրա մսերը նկատելի կերպով